Ոստիկանության ավագ օպերլիազորը Mercedes-ով Քյարքիի ոլորաններում 200 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ժայռաբեկորների վրա, նրան օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ ապրիլի 1-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում,  Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 35-ամյա  Էդգար Մնացականյանն  իր կողմից վարած Mercedes  մակնիշի  33 PԼ 866  համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ -Զանգակատուն ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր մոտ 200 մետր շրջվելով հայտնվել ձորում՝  ապառաժ քարերի վրա: 
 
Ինչպես  վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդին  ձորից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են Արարատի հիվանդանոց:
Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ նշված վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը  և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները  ղեկավարում է, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով  վրայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների վարորդ Է. Մնացականյանը  ծնունդով Կապան քաղաքից է և աշխատում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, որպես ավագ օպերլիազոր. կոչումով՝ ոստիկանության մայոր է:  Հնարավոր է քննիչ Դ. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


