211652_close_icon
views-count1974 դիտում article-date 15:34 01-04-2014

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի նշելու է իր հիմնադրման 10-ամյակը

2014 թվականը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) հայտարարել է որպես Պատասխանատվության տարի: Այս տարի ասոցիացիան նշելու է իր հիմնադրման 10-ամյակը: «Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ինչպես վաղվա, այնպես էլ ներկայիս` այսօրվա Հայաստանի` մեր երկրի համար: Մենք մեր սերունդների վաղվա ապագան կերտում ենք այսօր: Եվ այս գործընթացը շատ պատասխանատու է: Այդ գործընթացում էլ մենք շատ մեծ պատասխանատվության բաժին ունենք: Մենք` հատկապես կանայքս: Քանի որ յուրաքանչյուր մարդ` իր լավ կամ ոչ բավարար արժանիքներով, դրական կամ թերի պահվածքով ու գործելաոճով, հիմնականում կնոջ դաստիարակության արդյունք է: Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար սրտացավ և պատասխանատու քաղաքացիների սերունդ դաստիարակելու, օրինակ ծառայելու գործում: Սա է մեր երկրի զարգացման ու առաջընթացի գրավականը», - նշում է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը: ՀԵԿԱ-ի համակիրների մեծաթիվ կազմը ևս առաջ է շարժվում այս մոտեցմամբ: 2014թ. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) նշում է իր գործունեության 10-ամյակը: Իր 10 տարվա գործունեության ընթացքում գործելով ՀՀ ողջ տարածքում` ՀԵԿԱ-ն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը, առաջնորդության զարգացմանը, համայնքային գործընթացներում կանանց ներգրավմանը, կանանց առողջության պահպանմանը, որպես պատասխանատու քաղաքացի` կանանց իրազեկման և գիտելիքների մակարդակի բարձրացմանը, հայկական մշակույթի և ավանդույթների տարածմանը: ՀԵԿԱ-ն սոցիալական ձեռներեցության գաղափարախոսներից մեկն է Հայաստանում: Այս ոլորտում ՀԵԿԱ-ն խրախուսում է տարբեր մարզերում գործունեություն ծավալող կանանց խմբերին` ներգրավվելու սոցիալական ձեռներեցության մեջ` այսպիսով ապահովելով իրենց իսկ զբաղվածությունը և նպաստելով համայնքային հիմնախնդիրների լուծմանը: 2004-2014թթ. ժամանակահատվածում ՀԵԿԱ-ի շահառուները ավելի քան 30.000-ն են:

Նմանատիպ նյութեր