15569 դիտում
19:13 29-03-2014
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ՌԴ զինվորականը ոչ սթափ վիճակում Opel-ով բախվել է ВАЗ 2105-ին և այն շպրտել ժայռաբեկորների վրա. տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:
Հարվածի հետևանքով 05-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ բախվելով ապառաժ քարերին, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հադիպակաց երթևեկելի գոտի: Քաղաքացիները, ճանապարհային ոստիկանների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 05-ի վարորդին ու նրա ուղևորին՝ Թալինի բնակիչ, 41-ամյա Կարեն Անտոնյանին, ովքեր տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Թալինի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Անտոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, քանի որ Opel-ի վարորդ Վ. Գրիշկովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում:
Վերջինս ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ եղել ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+