2638 դիտում
21:03 26-03-2014
Աղբանոցում ապրող մարդը դառնում է առնետ
Քաղաքի փողոցները ամեն առավոտ կազմակերպված մաքրում են, իսկ մայթերը՝ ոչ: Փողոցները մաքրում են մեծ ցախավելներով, աղբը հավաքում են աղբատարներով, հետո ջրցան մեքենաներով ջրում-լվանում: Իսկ փողոցից մի քանի սանտիմետր այն կողմ, մայթի վրայի աղբը չի մաքրվում: Մայթերը մաքրելու կոնկրետ պարտավորություն ոչ ոքի վրա դրված չի, և դրանք նմանվում են աղբանոցի:
Երբ մարդուն պետք է ազատվել աղբից, ապա նա աղբը նետում է աղբանոց: Եթե աղբանոց չկա, ապա նետում է այնտեղ, որտեղ շատ աղբ կա, կամ այնտեղ, որտեղ մաքրված չէ: Դա պայմանական ռեֆլեքս է, որը կոչվում է աղբանոցի էֆեկտ: Դրանից ձերբազատվելու համար հարկավոր է հատուկ դաստիարակություն:
Այդ դաստիարակությունը արմատավորվում է քայլ առ քայլ: Առաջին հերթին պետք է ընդունել, որ անհնար է այնպես անել, որ աղբ չլինի: Երկրորդը՝ պետք է ընդունել, որ մաքրությունը ոչ միայն առողջարար է, գեղեցիկ, այլև կարևոր է մարդկային կերպարը պահելու համար: Մաքրության պահպանումը մարդասիրության ցույց է: Եթե քաղաքը, փողոցը, մայթերը, բակը, շրջապատը մաքուր ես պահում, դրանով ցույց ես տալիս, որ մարդասիրական մոտեցում ունես: Այսինքն, շրջապատը մաքրելով ցույց ես տալիս, որ մարդ ես և մարդուն վերաբերվում ես ինչպես մարդու, ում շրջապատը պիտի մաքուր լինի, քանի որ քեզ նման մարդ է, այլ ոչ թե ճիճու, ճանճ, առնետ: Իսկ աղբանոցում ապրող մարդը ժամանակի ընթացքում դառնում է ճանճ, ճիճու, առնետ:
Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում, որ քաղաքի մաքրությունը կազմակերպող տեղական իշխանությունները մաքրեն ոչ միայն փողոցներն, այլև մայթերը և շենքերի բակերը: Միգուցե տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացուն մարդու տեղ չեն դնում: Եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն մաքրում մայթերն ու բակերը: Միգուցե փող չունեն: Այդ դեպքում, որտեղի՞ց են ճարվում փողոցները մաքրելու համար գումարները:
Այս իրավիճակից ելնելու համար անհրաժեշտ է քաղաքի փողոցների, մայթերի, բակերի մաքրությունը կազմակերպել միևնույն սկզբունքով և դնել կոնկրետ կազմակերպությունների կամ մեկ կազմակերպության վրա: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է վերակազմակերպել տեղական ինքնակառավարաման իշխանությունները: Զուգահեռաբար կարևոր է աղբանոցի ռեֆլեքսից ազատվելը: Այսինքն, յուրաքանչյուր մարդ պետք է վաղ տարիքից հոգատարություն զգա շրջապատի մաքրության նկատմամբ, պետք է բակի, շրջապատի մաքրությունը համարի ազնիվ, շնորհակալ, պատվաբեր գործ, քանի որ մարդը՝ մաքրելով շրջապատը, հաստատում է իր բարձր կարգը ստորակարգերի համեմատությամբ:
Երբ քաղաքի փողոցի, մայթի, բակի մաքրությունը արհամարվում է, շրջապատի մաքրությամբ զբաղվելը համարվում է ստորացուցիչ, անպատվաբեր, ապա այդ քաղաքի հասարակությունը դեգրադացվում է, կորցնում դեմքը և քայքայվում:
Ի դեպ. Օտար զավթիչը հայրենասիրության և լեգիտիմության դեֆիցիտ առաջացնելու նպատակով միտումնավոր կեղտոտում է նվաճվելիք քաղաքի փողոցն ու մայթը: Արդյունքում քաղաքացին զզվում է հայրենակցից, չի սատարում իր քաղաքի իշխանություններին, չի դիմադրում նվաճողին և ի վերջո կորցնում անկախությունը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9557 դիտում
10:54 28-03-2014
Շվեդը 40 սմ երկարությամբ առնետ է բռնել խոհանոցում
12086 դիտում
20:22 28-05-2015
Մոսկվայում մարդկանցից շատ առնետ կա
Այս բաժնից
505 դիտում
19:04 21-11-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
679 դիտում
18:38 21-11-2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ
493 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը