211652_close_icon
views-count23404 դիտում article-date 10:38 25-03-2014

ՀՀ ոստիկանապետն աշխատանքային այցով ժամանելու է Լոռու մարզ. ֆոտոռեպորտաժ

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով ժամանելու է Լոռու մարզ: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանը հանդիպելու է մարզի ոստիկանության սպայական կազմին, որից հետո օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու և այնուհետ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիպելու է մարզպետարանի և մարզի քաղաքապետերի, գյուղապետերի և պաշտոնատար անձանց հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մարտի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու և ժամանակակից ոստիկանություն ձևավորելու անհրաժեշտությանը: Ոստիկանության պետը նաև հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետևողական ու անշրջելի է: Վերլուծելով օպերատիվ ծառայությունների և հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկություննները՝ ոստիկանության պետը կարևորեց պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայությամբ հանրային վստահությանն արժանանալու առաքելությունը, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության պահանջն է: Ոստիկանության պետը շեշտեց ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի, յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության, երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքի կարևորությունն ու կրկին ընդգծեց գործնական պարապմունքների նշանակությունը անձնակազմի պրոֆեսիոնալ որակների բարձրացման համար: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին, կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և հույս հայտնեց, որ նոր ոստիկանության կերտումն այլևս յուրաքանչյուր ոստիկանի պրոֆեսիոնալ արժանապատվության խնդիրն է: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ և ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը: Անդրադառնալով այն բնագավառներին, որտեղ ոստիկանությունը պատրաստ է համակողմանի իրավական և զուտ մարդկային աջակցություն ցուցաբերել համայնքներին ու քաղաքացիներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ակնկալվում է համարժեք արձագանք և պատասխանատու վերաբերմունք հանրության կողմից: Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը հավաստեց, որ հասարակության վստահության և օժանդակության պարագայում ոստիկանությունն անպայման հասնելու է նախանշված ծրագրերի իրագործմանը: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր