211652_close_icon
views-count893 դիտում article-date 18:45 19-03-2014

Ազգային ժողովի նախագահը Ժնևում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ ԱՄԷ խորհրդարանների միջեւ համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարեւորեցին խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար: Հովիկ Աբրահամյանը եւ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարեւոր համարեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացումը եւ խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄԷ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ փոխադարձ կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը գոհունակությամբ փաստեցին, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, ակտիվացել են միջպետական եւ միջխորհրդարանական կապերը, տնտեսական համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ:

Նմանատիպ նյութեր