211652_close_icon
views-count18761 դիտում article-date 11:20 15-03-2014

Ամուսնուն և 2 որդիներին կորցրած Զատիկյանի կնոջ սենսացիոն բացահայտումը. Հակոբյանների ընտանիքի թշնամանքի բուն պատճառների մասին

Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` «Լեդի Հակոբի» եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին, ոչ թե պետք է արդարացնեն, այլ ցմահ ազատազրկման դատապարտեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Զատիկյանի կինը` Սոխակ Խոցանյանը: Արձագանքելով Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված բողոքին, որով պահանջում է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելը, ասաց. «Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է: Իսկ փաստերն ապացուցված են եւ անհերքելի: Պատիժը դեռ շատ մեղմ է, որովհետեւ դեպքը այնպիսի վայրում է տեղի ունեցել, որ կարող էր մեկի-երկուսի փոխարեն ավելի շատ զոհ լիներ: Դրա համար մենք ոչ թե 20, այլ ցմահ ազատազրկում ենք պահանջում»: Ամուսնուն եւ 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը նաեւ պատմեց, որ դատական նիստերից մեկում վկաներից մեկը, ում անձի գաղտնիությունը ապահովվել է, պատմել է, որ նրանք «քիլերին» 2 եղբոր սպանությունն են պատվիրել, բայց «քիլերների» խիղճ չի տարել երկուսին էլ սպանել եւ միայն Սեդրակ Զատիկյանին են սպանել: Անդրանիկն էլ առեղծվածային պայմաններում նախորդ տարվա հունվարին մահացավ: Խոսելով Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների թշնամության հիմքերի մասին՝ Սոխակ Խոցանյանը ասաց. «Ես, երբ ավելի հեռու եմ նայում, իրենք նախատեսել էին, որ ավագանու ընտրությունների ժամանակ Սեդրակը պետք է լիներ 3-րդ տեղում, բայց երբ ամենաշատ ձայներով 1-ին տեղում հայտնվեց, սկսվեց նրանց նախանձությունը: Սեդրակը նույն Վահանի հեղինակությունն էր համայնքում ձեռք բերում: Այսինք՝ Վահան էր դառնում եւ բոլոր տվյալները ուներ. նրան սիրում, հարգում եւ գնահատում էին: Այստեղից նրանց նախանձը շարժվեց ու սկսեց լարվածություն, որին հաջորդեց Ստեփանի եւ Սեդրակի միջադեպը «Օմեգա» ակումբում՝ դրան հաջորդելիք միջադեպերով: Սպանությունը տեղի ունեցավ ընտրություններից 2 տարի անց»: Միաժամանակ ավելացրեց, որ որքան վերլուծել է, փորձել է պատճառները գտնել, եկել է այն եզրահանգման, որ թերեւս երկու ընտանիքների թշնամանքի գլխավոր պատճառը դա է եղել: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում: Նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր