211652_close_icon
views-count18326 դիտում article-date 12:13 18-10-2014

Թող Աստծուց գտնի այն, ինչ պետք է գտնի. ամուսնուն և որդիներին կորցրած Վահան Զատիկյանի կինը որդու սպանությունը պատվիրողին հանձնում է Աստծուն

Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի վճիռը Զատիկյանները չեն բողոքարկելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց որդիներին եւ ամուսնուն անժամանակ կորցրած Վահան Զատիկյանի կինը՝ Սոխակ Խոցանյանը: Նա նշեց, որ ինքը թեեւ Ստեփան Հակոբյանի համար ցմահ ազատազրկում էր պահանջում, բայց 15 տարին էլ քիչ չէ: «Ես էլի եմ ասում, որ նման հանցագործի համար այդքան պատիժը քիչ է, բայց եթե պատիժը մինչեւ վերջ կրի այնտեղ, որտեղ պետք է կրի, դա էլ քիչ չէ: Մարդ պետք է իր խղճի առաջ պատասխանատու լինի: Եթե մարդ իր խղճի առաջ պատասխանտու չէ, այդ 15 տարին ոչինչ չի ասի, բայց դե, ինչպես ասում են, թող Աստուց գտնի այն, ինչ պետք է գտնի: Վերջնական վճիռը տալիս եմ Աստծուն»,- ավելացրեց Սոխակ Խոցանյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի վճիռը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Ամուսնուն եւ 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը նաեւ պատմել էր, որ դատական նիստերից մեկում վկաներից մեկը, ում անձի գաղտնիությունը ապահովվել է, պատմել է, որ նրանք «կիլլերին» 2 եղբոր սպանությունն են պատվիրել, բայց «կիլերների» խիղճ չի տարել երկուսին էլ սպանել եւ միայն Սեդրակ Զատիկյանին են սպանել: Անդրանիկն էլ առեղծվածային պայմաններում նախորդ տարվա հունվարին մահացավ: Խոսելով Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների թշնամության հիմքերի մասին՝ Սոխակ Խոցանյանը ասել էր. «Ես, երբ ավելի հեռու եմ նայում, իրենք նախատեսել էին, որ ավագանու ընտրությունների ժամանակ Սեդրակը պետք է լիներ 3-րդ տեղում, բայց երբ ամենաշատ ձայներով 1-ին տեղում հայտնվեց, սկսվեց նրանց նախանձությունը: Սեդրակը նույն Վահանի հեղինակությունն էր համայնքում ձեռք բերում: Այսինք՝ Վահան էր դառնում եւ բոլոր տվյալները ուներ. նրան սիրում, հարգում եւ գնահատում էին: Այստեղից նրանց նախանձը շարժվեց ու սկսեց լարվածություն, որին հաջորդեց Ստեփանի եւ Սեդրակի միջադեպը «Օմեգա» ակումբում՝ դրան հաջորդելիք միջադեպերով: Սպանությունը տեղի ունեցավ ընտրություններից 2 տարի անց»: Միաժամանակ ավելացրեց, որ որքան վերլուծել է, փորձել է պատճառները գտնել, եկել է այն եզրահանգման, որ թերեւս երկու ընտանիքների թշնամանքի գլխավոր պատճառը դա է եղել: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում: Նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Նմանատիպ նյութեր