211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count811 դիտում article-date 13:36 08-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ստեփան Եղոյանն ու Արայիկ Սիմոնյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել, որպեսզի դեպքի վայր բերվեն հատուկ տեխնիկաներ, այդ թվում՝ վերամբարձ կռունկներ՝ ռելսերից դուրս ընկած վագոնները ուղղելու համար: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր