211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:18 27-02-2014

Հայաստանի հավաքականին բարդ մրցակիցներ են բաժին հասել. Սարգիս Հովսեփյան

Փետրվարի 27-ին «Փյունիկի» մարզումից հետո թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ակումբի պաշտոնական կայքը ամբողջությամբ ներկայացրել է Հովսեփյանի հարցազրույցը: - Երկու ուսումնամարզական հավաք անցկացրինք Թուրքիայում և երկուսն էլ շատ լավ կազմակերպված էր: Մարզվում էինք լավ եղանակային պայմաններում, որակյալ խաղադաշտում: Հիմնովին փոփոխություններ չեն եղել թիմում: Փոփոխություններ կան, բայց շատ չնչին: Հուսով ենք, որ այդ փոփոխությունները մեզ նոր հաջողություններ կբերեն: Խոսքը վերաբերում է թե մարտավարությանը, և թե կազմին: - Ֆուտբոլիստների և Ձեր մեջ նորություններ հայտնաբերե՞լ եք այս ընթացքում: - Այս ֆուտբոլիստներին ես շատ լավ ճանաչում եմ: Նրանցից շատերի հետ խաղացել եմ որպես ֆուտբոլիստներ և բոլորին ռենտգեն եմ արել և գիտեմ բոլորի հնարավորությունները: Ինչ վերաբերում է ինձ` որպես մարզչի, արդեն լիովին այլ կերպ եմ նայում ամեն ինչին: Բայց ամեն ինչ ինձ դուր է գալիս և հաճելի է: - Նորեկներն իրենց արդարացնու՞մ են: - Իհարկե արդարացնում են: Նրանք դեռևս հիմնական կազմի խաղացողներ չեն, սակայն լավ ներուժ ունեն, այդ պատճառով էլ վերցրել ենք նրանց: - Դավիթ Մանոյանից ի՞նչ նորություններ կան: - Նա մինչև մայիս պետք է վերականգնվի: Իհարկե, նրա բացակայությունը կզգացվի, քանի որ նա փորձառու և որակյալ ֆուտբոլիստ է: - Մրցակիցներն ակտիվ էին տրանսֆերային հարցերում: Հետևե՞լ եք արդյոք նրանց ձեռքբերումներին և «Փյունիկը» հետ չի՞ մնում այդ հարցում: - Նման մարզիչ չկա, որը կատարյալ գոհ կլինի իր ֆուտբոլիստների ընտրությունից, միշտ էլ հնարավոր է ավելի լավ: Այդ պատճառով չեմ ցանկանում այլ մեկնաբանություններ անել: Այն ֆուտբոլիստները, որոնք կան, ես նրանցից գոհ եմ և շնորհակալ: - Ո՞րն է լինելու «Փյունիկի» նպատակը: - Տեսական հնարավորություն կա առաջին տեղի համար պայքարելու և մենք կպայքարենք: Առաջին տեղից ենք հետ, սակայն մյուս թիմերի հետ միավորների դասավորությունը շատ խիտ է և երկու-երեք հաղթանակի դեպքում հնարավոր է զգալիորեն շտկել իրավիճակը: «Փյունիկում» գիտեք, որ լավ խաղացողները հայտնվում են հավաքականում և տեղափոխվում են արտասահմանյան ակումբներ: Դրանից լավ մոտիվացիա ֆուտբոլիստ համար չի կարող լինել: - Առաջիկա խաղում մրցակիցը «Միկան» է: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այդ խաղից: - Նպատակը երեք միավորն է: Իհարկե, ցանկալի կլինի դրան հասնել գեղեցիկ խաղով, սակայն միևնույնն է երեք միավորը երեք միավոր է: Ամեն ինչ անելու ենք այդ միավորները վաստակելու համար: - Վարազդատ Հարոյանը չտեղափոխվեց «Ռոստով»… - Նրանից շատ գոհ են եղել որպես ֆուտբոլիստ որքանով ես եմ տեղյակ, սակայն «Ռոստովը» ֆինանսական խնդիրներ ուներ, այդ պատճառով էլ չկայացավ տեղափոխությունը: Հուսով ենք, որ ավելի լավ ակումբ կտեղափոխվի: - Ի՞նչ կասեք այն մրցակիցների մասին, որոնց դեմ Հայաստանի հավաքականն է խաղալու ԵԱ ընտրական փուլում: - Չեմ կիսում այն կարծիքը, որ հեշտ մրցակիցների դեմ է խաղալու: Բոլորն էլ բարդ հակառակորդներ են, սակայն մենք ունենք լավ պատրաստված ֆուտբոլիստներ և անհրաժեշտ նախապատրաստության դեպքում կարող ենք հաջողության հասնել: - Ո՞ր թիմերը կարող են պայքարել չեմպիոնության համար: - Բնականաբար գլխավոր հավակնորդն «Արարատն» է, քանի որ միավորների մեծ առավելություն ունի: «Շիրակը» նույնպես կարող է պայքարել չեմպիոնության համար: Եթե «Արարատը» վատ սկսի, մյուս թիմերը կարող են պայքարել չեմպիոնության համար, եթե «Արարատը» ավելի լուրջ մոտենա, զգա վտանգը, մյուս թիմերի համար դժվար կլինի:

Նմանատիպ նյութեր