Ռիո-2016. Արթուր Գևորգյան. Հայ բռնցքամարտիկներին վիճակահանությամբ բարդ մրցակիցներ են բաժին ընկել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում արդեն տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը:
Այս առթիվ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ընդգծել է, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկներին սպասվում են բարդ մենամարտեր:
«Ստացվել է այնպես, որ մեր գրեթե բոլոր բռնցքամարտիկները նվազագույնը բրոնզե մեդալի համար պայքարում պետք է հաղթեն Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններին: Ամենից հաջող վիճակահանությունը Նարեկ Աբգարյանի մոտ է, սակայն պետք չէ հույս դնել վիճակահանության վրա,քանի որ մեր տղաներից յուրաքանչյուրը կարող է վերադառնալ մրցանակային տեղով։
Մեր տղաները այժմ շատ լավ մարզավիճակում են և շարունակում են ինտենսիվ մարզվել։Այժմ ամեն ինչ կախված է լինելու հենց իրենցից։ Բոլորն էլ փորձառու են և ամեն ինչ պետք է անեն մեդալ նվաճելու համար։ Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին, հուսով եմ կարդարացնեն բոլորիս սպասելիքները», նշել է Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ Ռիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):