211652_close_icon
views-count1317 դիտում article-date 22:00 26-02-2014

Ո՛ւմ ենք հահոյել և ո՛ւմ աստվածացրել

Ներկայումս, թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, չկա մի քիչ թե շատ ճանաչված խելացի մարդ, ով չհայհոյվի: Այն դեպքում, երբ բազմաթիվ մարդիկ, ովքեր իրականում արժանի են ոչ միայն նախատինքի, այլև լուրջ պատիժների, վայելում են լայն մասսաների հարգանքը: Հարցի ներկա քննարկումը բնավ չի ենթադրում, որ միայն ներկայումս է այդպես. մարդկությունը, որ երբեք (և այժմ էլ) իրավունք չի ունեցել հպարտանալու իր պատմությամբ, անցել է անձնական կամակորությունների, փառամոլությունների և անիմաստ դաժանությունների ճանապարհ, և այս ամենի պատճառներից մեկը հենց այն է, որ արժանավոր մարդիկ անտեսվել կամ հալածվել են, իսկ բազմաթիվ անարժան ու ստահակ անձինք՝ մեծարվել: Չկա մի ժողովուրդ, որը տառապած լինի իր հիմար (հիմարն ամենամեղմ որակումն է) կառավարչի պատճառով, և այդ «հիմարը» իր գործունեությունը սկսած չլինի տվյալ ժողովրդին հաճոյախոսություն անելով: Լավագույն օրինակը Ա. Հիտլերն է, ով այնպիսի հաճոյախոսություն արեց գերմանական «արիական» ցեղին, որը մինչև հիմա մեկ ուրիշ ցեղից ու աշխարհից ներողություն է խնդրում: Սա ներկայումս անվանում են պոպուլիզմ, որով էլ հաճախ զբաղվում են այլոց դրանում մեղադրողները: Դիտե՛նք մեր ուսուցիչներին. Նժդեհը, գովերգելով հանդերձ հայի բարեմասնությունները, երբեք չի խուսափել ցույց տալ մեր արատները, որոնց պակասն այսօր էլ մենք չենք քաշում: Հարց է առաջանում. էլ ի՞նչ կերպ է ներկայիս հայը արժանին մատուցում իր Ուսուցչին: Կամ Հ. Ասատրյանը. պարզ ու հստակ մատնացույց է անում մեր մեծագույն թերություններից մեկը (ի թիվս բազումների). գիտության միստիֆիկացիան: Գիտությանը մենք ցույց ենք տալիս մի վերաբերմունք, որը գիտությունը չի կարող և չի էլ պահանջում ոչ մեկից: Մենք, փոխանակ օգտագործելու գիտությունը, միայն շատ խորհրդավոր ձևով երբեմն ասում ենք «գիտնականներն ապացուցել են», այն դեպքում, երբ անտեսում ենք, որ այդ գիտնական կոչվածը մեզ պես մարդ է, և եթե փորը կուշտ չեղավ, չի կարող ապացուցել այնպիսի բաներ, որոնց իմացությունը մեր կյանքն ավելի բարեկեցիկ կդարձնի: Կա՞ մի ժողովուրդ, որի գրողն ու գիտնականն այնքան տառապած լինի, որքան հայինը… Այսպես, չի եղել մի իսկական մեծ հայորդի, ով շատ լուրջ քննադատության ենթարկած չլինի մեզ: Եվ հակառակը, կա՞ մի դավաճան, սեփական կոկորդն ու գրպանը աստվածության վերածած մեկը` «ազգի տականքը», ով չի դիմել լայն հանրությանը քծնելով ու հաճոյախոսելով: Երևի չի սխալվում Ֆ. Սավատերը, երբ այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքական գործիչներն այդքան վարկաբեկված, պատասխանում է. որովհետև մեզնից մեկն են: Մենք պե՛տք է հասկանանք, որ ամեն հրապարակախոս մեզնից մեկն է, նա կարող է փնտրել միայն իր անձնական կամ դասակարգի շահը. եթե մենք մեզ զգում ենք այդ դասակարգից ու ցանկանում հաստատ մնալ դրանում, ապա հետևում ենք նրան, եթե` ոչ, ուրեմն` ոչ. հայհոյել պետք չէ, ինչպես նաև աստվածացնել, առավել ևս: Եթե հրապարակախոսը փնտրում է միայն իր անձնական շահը, իսկ մենք նրան հանրայնորեն հայհոյում ենք, ապա դրանով ապահովում ենք նրա հանրայնությունը: Մեր հայհոյանքով նրա համար բացվում է լայն ասպարեզ թե՛ իր շահերն իրականացնելու համար և թե՛ արդարացնելու իր վնասակար գործունեությունը: Վերջապես, հարկ է միշտ աչքի առաջ ունենալ. նա, որ մեզ գովում է, միշտ չէ, որ մեր լավն է ցանկանում, և նա, որ մեզ նախատում է, միշտ չէ, որ մեր վատն է ցանկանում… [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր