211652_close_icon
views-count2701 դիտում article-date 13:43 17-02-2014

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է 2014թ. հունվարի իր գործունեության արդյունքները

Փետրվարին ինչպես միշտ հարավից սկսեցին փչել տաք օդային հոսանքները, իրենց հետ գարնան «հոտ բերելով», իսկ Տեառնընդառաջից հետո եղանակն ընդհանրապես «կոտրվեց»: Մարդիկ շտապում են մոռանալ ցրտերն ու դրա հետ կապված դժվարությունները: Մինչդեռ ձմեռը դեռ շարունակվում է, իր բոլոր հնարավոր անակնկալներով: Ինչ վերաբերում է դեկտեմբերի ու հունվարի ցրտերին, ապա դրանց «դասերը» մեզ հերթական անգամ հիշեցրին կոմունալ տնտեսությունը նախօրոք ձմռանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին: Այդ օրերին «Երևան Ջուր» ընկերության շահագործման ծառայությունն աշխատել է լարված ռեժիմով: Կոչված չլինելով սպասարկել սպառողներին ներքին ցանցը և չունենալով դրա համար համապատասխան ռեսուրսներ` ընկերությունն, այնուամենայնիվ, հնարավորինս օգնել է համատիրություններին ու բնակիչներին իրենց սեփականությունը հանդիսացող ջրագծերի վթարները վերացնելու գործում: Ավելին, հաշվի առնելով ջրի սպառման ծավալների կտրուկ աճը, ընկերությունը վերագործարկել է պահուստային հանդիսացող «Արարատյան» և «Շորշորի» պոմպակայանները (ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զգալի ծախսի)՝ մայրաքաղաքին տրվող ջրաքանակն ավելացնելով վայրկյանում 700 լիտրով: Այնուամենայնիվ, դժվարություններն ու կենցաղային անհարմարությունները զգալի էին: Մինչդեռ այս ամենը կարող էր և չլինել, եթե մոտ 4500 բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերն ու ջրամատակարարման ներքին ցանցերը լինեին ջերմամեկուսացված, իսկ անհատական տնատիրությունները էլ իրենց ջրագծերը կառուցեին ու շահագործեին՝ մեր բնակլիմայական պայմանների հիման վրա հաշվարկված շինարարական նորմերին ու կանոններին համապատասխան: Այդ դեպքում ո՛չ ջրագծերը կվթարվեին և ո՛չ էլ դրանց սառցակալումից խուսափելու նպատակով ոմանք ստիպված կլինեին զօր ու գիշեր ծորակները բաց թողնել, երբեմն բառացիորեն ջրազրկելով հարևաններին: Հունվարին խնդրո առարկայի վերաբերյալ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ քաղաքապետարանում, որն իր շարունակությունը ստացավ վարչական շրջանների աշխատակազմերում, արդեն համատիրությունների մասնակցությամբ: Հուսանք, որ կարվեն համապատասխան հետևություններ ու կմշակվեն ծրագրեր նկատված թերությունները վերացնելու համար: Հարկ է, որ հաջորդ ձմեռ մայրաքաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը լինի անհամեմատ ավելի պատրաստ, գործի ամենօրյա աշխատանքային ռեժիմով՝ առանց արտակարգ պատահարների ու, անկախ եղանակային պայմաններից, սպառողներին ապահովի կայուն ջրամատակարարմամբ: Ինչ վերաբերում է համակարգում հունվարին իրականացված աշխատանքներին, ապա եղանակով պայմանավորված, դրանց ծավալը մեծ չի եղել: Մասնավորապես, բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքները շարունակվել են Էրեբունու Խաղաղ Դոնի, Արաբկիրի Քոչարի, Վաղարշյան և Բակունցի փողոցների տարածքներում: Վթարային իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքներն են տարվել Գյումուշի սանիտարական գոտում և Ձորաղբյուր-Ծարավաղբյուրի ջրատարների միացման կետում, որի շնորհիվ հնարավոր է եղել կայունացնել ջրամատակարարումն ու խնայել զգալի քանակի ջուր: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում տեղադրվել է 4 մետր նոր ջրագիծ, փոխարինվել՝ 128 մետր ջրագիծ և 6 մետր կոյուղագիծ: Շահագործումից հանվել է 303 մետր վթարված ջրագիծ, ինչպես նաև վերացվել է 488 ջրագծի վթար, 1915 կոյուղու վթար և 202-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 19 փական, 5 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 14 ջրաչափական հանգույց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարին շարունակվել է ջրամատակարարման բարելավման գործընթացը: Երևանում սպառողների 81,4%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, ինչը 3%-ով գերազանցում է դեկտեմբերի ցուցանիշը, 15,3%-ը՝ 17-23 ժամյա ջրամատակարարմամբ, իսկ 3,3%-ը՝ 12-17 ժամյա: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1477 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Շարունակվել են աշխատանքները ջրի սպառման վերահսկման և հաշվառման կատարելագործման ուղղությամբ, որի արդյունքում հաշվետու ամսին ընկերության կողմից կազմվել է 187 տարաբնույթ խախտման ակտ, որից 14-ը ապօրինի ջրագծի հայտնաբերմանն է վերաբերվել: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է 79-ով: Մեկ բաժանորդի հաշվարկով ջրի ծախսը կազմել է 12,2 մ3 2013թ. դեկտեմբերի 12,0մ3-ի համեմատ, ինչը վկայում է ջրի հաշվառման գործում շարունակվող առաջընթացի մասին: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հունվար ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/: Հիմնական ցուցանիշներ 2008թ. հունվար 2013թ. հունվար 2014թ. հունվար 2014թ. հունվարը 2013թ. հունվարի համեմատ /+- Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11 936 9107 9237 + 137 /2008թ. հունվարից` -2699/ Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 338 000 84 000 87 000 + 3000 /2008թ. հունվարից`-251000/ Ջրամատակարարման շարունակականություն` % 75,0 95,9 96,7 + 0,8% կետ /2008թ. հունվարից`+ 21,7% կետ

Նմանատիպ նյութեր