1780 դիտում
18:09 30-01-2014
Բացառիկ հարցազրույց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի նախօրյակին հարցազրույց է տվել «Շախմատային աշխարհ» շաբաթաթերթին:
[b]- Պարո’ն Պետրոսյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` աշխարհամասի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Լեհաստանից: [/b]
- Շնորհակալ եմ: Ես եւ մեր մի քանի այլ առաջատար գրոսմայստեներ Վարշավայում մասնակցում էինք երկու մրցաշարի` կայծակնային եւ արագ շախմատի: Ես նախընտրում եմ կայծակնային շախմատի ձեւաչափը եւ սովորաբար լավ արդյունքներ եմգրանցում հենց այդ մրցաշարերում: Այս անգամ կայծակնայինի 22 պարտիաներն էլ շատ լարված էի խաղում` հավակնելով առաջին տեղին: Բայց վերջին տուրում պարտվեցի եւ գրավեցի իններորդ տեղը: Դա ինձ, բնականաբար, շատ էր տխրեցրել:
Կայծակնային խաղի մրցաշարից անմիջապես հետո սկսվում էր արագ շախմատի մրցաշարը: Իմ տրամադրությունն այնքան էլ բարձր չէր, կար նաեւ ընդհանուր հոգնածություն: Արագ շախմատի մրցաշարն ընթացավ երկու օրում: Առաջին օրն այդքան էլ լավ հանդես չեկա, իսկ երկրորդ օրն արդեն պարզ էր, որ ինձ համար բարձր տեղ գրավելու միակ տարբերակը բոլոր պարտիաներում հաղթելն է: Դա ինձ հաջողվեց. չորս պարտիաներն էլ շահեցի, բաժանեցի 1-3-րդ տեղերը, բայց քանի որ մրցաշարը շատ հաջող չէի սկսել, մրցակիցներիս համեմատությամբ ցածր ցուցանիշներիս պատճառով դարձա երրորդը:
[b]- Ձեզ համար սպասելի՞ էր արագ շախմատի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելը:[/b]
- Ինչպես արդեն նշեցի, ավելի մեծ սպասելիքներ ունեի կայծակնային մրցաշարից, ավելի հնարավոր էի համարում այդ առաջնությունում մեդալ նվաճելը: Բայց արագ շախմատի մրցաշարերում նույնպես հաճախ լավ եմ հանդես գալիս, այնպես որ ինձ համար մեծ անակնկալ չէր երրորդ մրցանակը:
Պետք է ասեմ, որ արագ շախմատի մրցաշարը շատ բարդ էր. նախ` խաղում են ուժեղ շախմատիստներ, երկրորդ` խաղում ես անընդհատ, առանց ընդմիջումների: Այդ երեք օրվա ընթացքում մենք կայծակնային եւ արագ շախմատի տարբերակներով խաղացինք 33 պարտիա. ամեն դեպքում դա բավականին շատ է: Արագ շախմատի մրցաշարում հինգ-վեցերորդ տեղեր գրավելն անգամ վատ արդյունք չէր համարվի: Այդպիսի մրցաշարերն ինձ համար նորություն չեն, ես շատ անգամներ եմ մասնակցել, քանի որ սիրում եմ արագ եւ կայծակնային շախմատի ձեւաչափերը: Կայծակնայինից հետո ամեն կերպ փորձում էի վերականգնել լավ տրամադրությունս, դրա համար պարզապես փորձում էի հաճույք ստանալ խաղից, եւ դա իր ազդեցությունն ունեցավ իմ արդյունքների վրա:
[b] - Նախորդ տարեսկզբին Ձեր տված հարցազրույցներից մեկում ասել էիք, որ դժվարանում եք Ձեր հայրենակիցների դեմ խաղալ: Հաղթահարե՞լ եք արդյոք այդ դժվարությունը:[/b]
- Ոչ, այդ առումով իմ մեջ ոչինչ չի փոխվել: Իմ կարծիքով, ես երբեք էլ չեմ հաղթահարի այդ զգացողությունը, քանի որ այն կապ ունի ոչ թե շախմատի, այլ զուտ իմ բնավորության, իմ խառնվածքի հետ: Այսպես ասեմ` ես կռվարար մարդ չեմ, եւ եթե բնավորությանս այդ գիծը համադրում ենք շախմատի հետ, հասկանալի է դառնում, որ չեմ կարողանում ուժերիս ամբողջ լարվածությամբ պայքարել ծանոթ մարդկանց հետ: Թեեւ երբ գալիս է գործելու ժամանակը, կյանքը ցույց է տալիս, որ կարողանում եմ հաղթել մտերիմներիս, դա էլ միմիայն արտահայտվող պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է: Ինձ համար ընկերներիս դեմ խաղալը բավականին տհաճ է, եւ գալիք մրցաշարն այդ առումով այդքան էլ հաճելի չի լինելու, բայց ինչ արած...
[b]- Երբ 2013 թվականի հունվարին դարձաք Հայաստանի չեմպիոն, ասում էիք, որ աշխատելու եք արդարացնել սպասելիքները: Մրցաշրջանն ավարտվելուց հետո կարո՞ղ եք այդ հարցին դրական պատասխանել: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն էր անցած տարին գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի համար: [/b]
- Իմ համոզմամբ, ես արդարացրել եմ այն ակնկալիքները, որ մարդիկ ունենում են հավաքականի անդամից: Համենայն դեպս, արել եմ ամեն ինչ, որպեսզի դա այդպես լինի:
Տարին բավականին հետաքրքիր էր շախմատային առումով: Ես արդեն ունեմ իմ սիրելի մրցաշարերը, որոնց աշխատում եմ մասնակցել: Տարվա ընթացքում կային հաջողություններ` Հայաստանի չեմպիոնի կոչումը, եվրոպական բրոնզը, միանձնյա հաղթանակը բուլղարական Ալբենայում: Տարեսկզբից մինչեւ հիմա ունեցել եմ վարկանիշային մի փոքր աճ: Կային նաեւ անհաջողություններ, բայց կյանքը շարունակվում է, հաստատուն քայլերով պետք է առաջ գնալ` անկախ ամեն ինչից:
[b]- Իսկ ինչպիսի՞ն էր տարին հայաստանյան շախմատի համար: [/b]
- Մարդկանց սպասելիքները հիմնականում կապված են հավաքականի եւ Լեւոն Արոնյանի հետ: Այդ առումով, տարին, հավանաբար, այնքան էլ հաջող չէր: Թեեւ հավաքականի արդյունքներն ընդհանուր առմամբ վատ չեն, բայց քանի որ մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք անել ավելին, այս տարվա մեր գրաված տեղերը ընկալվում են որպես բավականին համեստ: Ինչ վերաբերում է Արոնյանին, նա ունեցավ որոշակի հաղթանակներ, բայց, իմ կարծիքով, նրանից ակնկալիքներն ավելի մեծ էին: Այնպես է ստացվել, որ մենք սպասում ենք, որ նա ցանկացած մրցաշարից հաղթող դուրս գա:
Ընդհանուր առմամբ միջազգային մրցաշարերում շատ լավ հանդես եկան մեր երիտասարդ շախմատիստները, մանկապատանեկան շախմատում նույնպես հաջողություններ եղան: Դպրոցում ներդրված շախմատային ծրագիրը սկսեց տալ դրական արդյունքներ, եւ շատերը եկան այն եզրակացության, որ դա ճիշտ նախագիծ էր:
[b]- Մոտակա ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:[/b]
- Մեծ ցանկություն ունեմ խաղալու մարտին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Աշխարհամասի առաջնություններին հիմնականում մասնակցում են աշխարհի գավաթի ուղեգիր ձեռք բերելու համար, բայց գավաթի հաջորդ խաղարկությունն ընթանալու է Բաքվում, եւ Հայաստանից, հավանաբար, մասնակիցներ չեն լինի: Այնպես որ եթե մասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, այն դիտարկելու եմ որպես զգալի մրցանակային հիմնադրամով ուժեղ մրցաշար, վարկանիշս բարձրացնելու հերթական հնարավորություն: Կան նաեւ ծրագրեր մասնակցելու Բուլղարիայում, Դուբայում, ԱՄՆ-ում անցկացվելիք մրցաշարերի:
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
14:27 27-01-2014
Բացառիկ հարցազրույց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ
127242 դիտում
19:04 31-12-2021
Լեհ շախմատիստը հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի դեմ խաղում չի կարողացել զսպել զգացմունքները և ընկել է աթոռից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1594 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
1579 դիտում
11:27 17-11-2024
Իտալիայում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը