26652 դիտում
21:39 23-03-2017
ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության բացառիկ մանրամասներն առաջին աղբյուրից. Բացառիկ հարցազրույց ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանի հետ. ՓԱՍՏԻՆՖՈ
ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից շուրջ երկու տասնամյակ է անցել, սակայն մինչև այսօր էլ շատ հարցեր անպատասխան են մնում, որոշ հարցերի պատասխաններ էլ թերահավատությամբ են ընդունվում: Այդ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Փաստինֆո»-ի լրագրողը զրուցեց գործի վերաբերյալ ամենաիրազեկված անձի՝ նախաքննություն իրականացրած, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանի հետ:
Վերջինս տարիներ առաջ թոշակի է անցել եւ բնակվում է Մոսկվայում͵ որտեղ նաեւ մասնավոր ընկերության իրավաբանական խորհրդատվությունն է համակարգում։
Զրույցի ժամանակ ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանն իր զարմանքը հայտնեց͵ որ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ավելի շատ խոսում են գործի հանգամանքներին բացարձակ անծանոթ անձինք։ «Դեպքից անցել է 18 տարուց ավելի: Քրեական գործի նախաքննությունը իրականացվել է իմ կողմից, նախաքննությունն ավարտելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո առ այսօր որևէ լրատվամիջոց կամ լրագրող նման հարցադրումով ինձ չէր դիմել, չնայած այն բանի, որ ներկայացված հարցադրումներից երևում է, որ, իբր, մինչև այժմ էլ որոշակի թերահավատություն կա քրեական գործի նախաքննությամբ հիմնավորված վարկածի նկատմամբ»͵- ասաց մեր զրուցակիցը͵ ապա նաեւ նկատեց. «Զարմանալին ու զավեշտալին այն է, որ երբեմն այդ դեպքի առնչությամբ հարցազրույց են վերցնում գործի հետ չառնչված և հետևաբար գործով ձեռք բերված հիմնավորումներից բացարձակապես անտեղյակ անհատներից, ինչի հետևանքով էլ պատասխանները լինում են ասեկոսեների ու բամբասանքների մակարդակով»:
ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին եւ ստորեւ ներկայացնում ենք բացառիկ հարցազրույցը։
[b]Հարց. [/b] – Պարոն Մարգարյան͵ 1998թ. օգոստոսի 6-ին տեղի ունեցավ աննախադեպ հանցագործություն` երկրի գլխավոր դատախազի սպանություն՝ իր իսկ աշխատասենյակում։ Ըստ պաշտոնական վարկածի ` նրա սպանությունն իրականացրել էր տրանսպորտի դատախազի տեղակալ Արամ Կարապետյանը, ապա ինքնասպանություն գործել: Այս վարկածի նկատմամբ առ այսօր որոշակի թերահավատություն կա: Իհարկե͵ շատ տարիներ են անցել͵ բայց հարցերի հարցը հետևյալն է . ինչպե՞ս էր զինված Կարապետյանը հայտնվել դատախազի աշխատասենյակում և ո՞րն էր սպանության շարժառիթը:
[b]
Ա.Մարգարյան.[/b] ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ժ. Խառատյանի կողմից կազմված քննչական խմբի կողմից: Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, կատարվել է բազմակողմանի և խորացված քննություն, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, կատարվել են բազմատեսակ և բազմաբնույթ քննչական ու դատավարական գործողություններ , կատարվել է մեծածավալ աշխատանք:
Ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծությամբ հիմնավորվել է, որ, իրոք, Հ. Խաչատրյանի սպանությունը կատարել է Արամ Կարապետյանը գլխավոր դատախազի աշխատասենյակում, որից հետո նույն աշխատասենյակում և նույն հրազենով Ա. Կարապետյանը ինքնասպան է եղել:
Մի քանի խոսք սպանության շարժառիթի մասին: Նախ նշեմ, որ Արամ Կարապետյանը ոչ թե տրանսպորտի դատախազի տեղակալն էր, այլ` ՀՀ գլխավոր դատախազության`դատարաններում քրեական գործերի դատական քննության և դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ: Իսկ դրանից առաջ մի քանի տարի աշխատել էր ՀՀ տրանսպորտի դատախազ:
Հ. Խաչատրյանի և Ա. Կարապետյանի փոխհարաբերությունները մինչև դեպքը եղել են նորմալ, կոռեկտ և պաշտոնական: Դեպքին նախորդած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ /ներկայիս` ՀՀ ոստիկանության / Տրանսպորտի վարչության քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել էր , որ ՀՀ տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով նախկինում հարուցված և վարույթը կասեցված մեկ քրեական գործ անհետացել է: Ընդ որում, տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով հարուցված և վարույթը կասեցվելուց հետո չպարզված հանգամանքներում անհայտացած քրեական գործով անցնող մեղադրյալը եղել է այն նույն անձը, ում վերաբերյալ արդեն նոր քրեական գործ է քննվելիս եղել ՀՀ ՆԳՆ տրանսպորտի ՆԳ վարչության քննչական բաժնում:
Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվեց , որ տրանսպորտի դատախազությունում Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթը կասեցված հիշյալ քրեական գործը «անհայտացել է» այն ժամանակահատվածում, երբ տրանսպորտի դատախազը հանդիսացել է Արամ Կարապետյանը: Գլխավոր դատախազի կողմից Ա. Կարապետյանի առջև հստակ հարց է դրվել` կամ գտնել «անհայտացած» քրեական գործը, կամ դիմում գրել և ազատվել ՀՀ դատախազության համակարգից:
Ա. Կարապետյանը ոչ միայն դիմում գրելու և համակարգից ազատվելու մտադրություն չի ունեցել, այլ ավելին, հույսեր էր փայփայել, որ դեպքից մի քանի ամիս հետո / 1999 թ. հունվարին/ դատախազության մարզային կառույցներ ձևավորվելուց հետո աշխատանքի կնշանակվի որևէ մարզի դատախազությունում, ուստի խնդրանքով նույնիսկ դիմել էր այնպիսի անձանց /անգամ մոսկվայաբնակ/, ովքեր կարող էին միջնորդել և իր համար բարեխոսել Խաչատրյանին: Եվ նրանցից ոմանք Հ. Խաչատրյանի հետ խոսել էին, սակայն դրական արդյունքի չէին հասել:
Դեպքի օրը Ա. Կարապետյանը որոշել է անձամբ մտնել ՀՀ գլխավոր դատախազի մոտ և բացատրել իրավիճակը:
Սակայն, ինչպես պարզվեց քրեական գործի հետագա քննությամբ, նրանց միջև զրույցը ոչ միայն պատշաճ հունով և կոռեկտ չէր ընթացել, այլ ընթացել ու զարգացել էր փոխադարձ հանդիմանություններով, կշտամբանքներով և վիրավորանքներով: Այդ զրույցի ընթացքում Ա. Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի հետ մի քիչ ավելի «ազատ» և «անկաշկանդ» խոսելուն նպաստել էր նաև այն հանգամանքը , որ դեռ 1980-ական թթ. վերջերին և 90-ական թթ. սկզբներին նրանք եղել են գործընկերներ, քանի որ Հ. Խաչատրյանը աշխատել է Էրեբունու, իսկ Ա. Կարապետյանը` Արաբկիրի շրջանի դատախազ, և այդ ճակատագրական զրույցի ժամանակ Ա. Կարապետյանը իրեն իրավունք է վերապահել խոսել այսպես կոչված երբեմնի հավասարը հավասարի իրավունքով:
Ա. Կարապետյանի կողմից զենքը հանելն ու գործադրելը նույնպես միանգամից չի տեղի ունեցել, այլ` աստիճանական զարգացումով, փոխադարձ վիրավորանքներով պայմանավորված͵ ինչը վկայում էր նաեւ դեպքի վայր զննությունը͵ արձակված կրակոցների հաջորդականությունը։
Երբ զրույցը վերածվել է փոխադարձ կշտամբանքի, այնուհետև` վիրավորանքի, Հ. Խաչատրյանը ծխամորճը շպրտել է Ա. Կարապետյանի վրա: Կարապետյանը այդ պահին հանել է ատրճանակը: Խաչատրյանն՝ զգալով, որ հարցը շատ ավելի լուրջ շրջադարձ է ստանում` ձեռքը մեկնել է «բազմահամար» հեռախոսային սելեկտորին` հավանաբար օգնականին կամ թիկնազորի աշխատակիցներին կանչելու նպատակով, սակայն Կարապետյանը կրակել է ուղիղ սելեկտորի վրա ` դրանով արգելելով գլխավոր դատախազին իրագործելու իր մտադրությունը:
Հ. Խաչատրյանը կանգնել է նստած տեղից եւ փորձել դուրս գալ գրասեղանի և աթոռի արանքից ու մոտենալ Կարապետյանին: Այդ պահին Կարապետյանը կատարել է երկրորդ կրակոցը դարձյալ ոչ թե Խաչատրյանի ուղղությամբ, այլ ակնհայտորեն նրա աջ կողմով, և գնդակը մխրճվել էր դռան շրջանակի ուղղահայաց ձողի մեջ:
Դեպքի տեսարանը և աստիճանական զարգացումը պարզ և պատկերավոր արտահայտելու համար մի միջանկյալ միտք ասեմ: Ակնհայտ է, որ զրույցի ընթացքում Կարապետյանը նստած է եղել գլխավոր դատախազի դեմ դիմաց` դիմադիր սեղանի մոտի առաջին աթոռին: Նրանց երկուսի միջտարածությունը հազիվ թե մեկ –մեկուկես մետրից ավել եղած լիներ: Կարապետյանին մոտիկից ճանաչողները գիտեին, որ նա տիրապետում է զենքի օգտագործման կանոններին և հրաշալի կրակող է: Նման պայմաններում և նման իրավիճակում նրա կողմից առաջին կրակոցը, որ կատարվել է հեռախոսի ապարատի վրա, որի գնդակը դիպել ու ջարդուփշուր էր արել սելեկտորը, իսկ երկրորդ կրակոցի գնդակը, անցնելով Խաչատրյանի աջ կողմով, մխրճվել էր հանգստի սենյակի դռան փայտե շրջանակի մեջ, միանշանակ վկայում է այն մասին, որ այդ 2 կրակոցներով Կարապետյանը Խաչատրյանի վրա կրակելու կամ նրան սպանելու նպատակ չի ունեցել, այլապես այդքան մոտիկ տարածությունից և այն էլ գերազանց կրակողի համար վրիպելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Այդ կրակոցներով նա ցանկացել է հարկադրել գլխավոր դատախազին մնալ իր տեղում և շարունակել թեկուզ արդեն վիրավորանքի և վեճի վերածված զրույցը, այսինքն, ենթարկվել իր թելադրած «խաղի կանոններին»:
Ցանկացել է հասկացնել , որ իր ձեռքին լիցքավորված զենք կա, որից նույնիսկ արդեն կրակում է, ուստի ցանկության դեպքում կարող է նաև սպանել նրան:
Սակայն Խաչատրյանը չի ենթարկվել նրա թելադրած պահանջներին և փորձել է պաշտպանվել: Այն է` դուրս գալով նստած տեղից և մոտենալով Կարապետյանին` ձեռքով բռնել է Կարապետյանի ատրճանակի փողը:
Կարելի է ենթադրել, որ նման հանկարծակի զարգացում ստացած իրավիճակից Խաչատրյանը շփոթված է եղել:
Դեպքի վայրի զննությամբ և դիազննությամբ արձանագրվել է , որ գլխավոր դատախազի աջ ձեռքում գրիչ կար բութ մատի, ցուցամատի և միջնամատի արանքում, այսինքն` գրելու համար նախատեսված դիրքում:
Ահա այդ երկու հանգամանքները վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակից գլխավոր դատախազը այնքան է շփոթված եղել, որ հրազենով իր վրա կրակոցներ կատարողին դիմադրելու կամ հակաքայլեր ձեռնարկելու համար անգամ գրիչը ձեռքից չի գցել, որպեսզի կարողանա երկու ձեռքով բռնել ատրճանակը, այլ միայն ձախ ձեռքով է բռնել ատրճանակի փողը` աջ ձեռքում շարունակելով բռնած պահել գրիչը:
Այդ իրավիճակում, փոքր քաշքշոցից հետո Կարապետյանը կատարել է երրորդ կրակոցը`գլխավոր դատախազի ձախ ձեռքին` ընդհուպ վիճակում: Երրորդ կրակոցի գնդակը դիպել և պատռել էր գլխավոր դատախազի ձախ ձեռքի բութ մատը սնող զարկերակը, որի հետևանքով վերջինս զգալիորեն արյուն էր կորցրել, թուլացել, դադարեցրել դիմադրությունը և իր կամքից անկախ չոքել կամ կիսանստել:
Այդ պահին Կարպետյանը կատարել էր չորրորդ ճակատագրական մահացու կրակոցը Խաչատրյանի գլխի գագաթային շրջանին` նրա մարմնի նկատմամբ ուղղահայաց դեպի ներքև ուղղությամբ:
Գնդակը, անցնելով գանգի, ապա ողնաշարի և ողնուղեղի միջով, եթե հիշողությունս չի դավաճանում, 37 սմ տարածությունը ու մնացել էր հենց ողնաշարի մեջ` վայրկենապես պատճառելով մահ: Քրեական գործով նշանակված դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննությամբ հիմնավորվել է, որ վերջին մահացու կրակոցի պահին Կարապետյանը գտնվել է կանգնած, իսկ Խաչատրյանը չոքած, կիսանստած կամ նստած վիճակում, և ատրճանակի փողը ուղղված է եղել նրա գլխի գագաթային շրջանին, իսկ գնդակի ուղղությունը եղել է ուղղաձիգ դեպի ներքև:
Գիտակցելով իր կատարածի ողջ ծանրությունը, գլխավոր դատախազի թիկնազորի անդամների վրա հասնելու դեպքում ենթադրվող հետևանքները կամ թեկուզ իրեն սպասվող պատիժը` Կարապետյանը նույն պահին ատրճանակի փողը մտցրել էր իր բերանի խոռոչ և կատարել մեկ կրակոց, որի գնդակը մխրճվել էր նրա ողնուղեղի և ողնաշարի մեջ` նույնպես վայրկենապես պատճառելով մահ:
Այս բոլորը աներկբայորեն հիմնավորված է քրեական գործով կատարված քննությամբ ձեռք բերված ծանրակշիռ, լիարժեք ու հիմնավոր ապացույցներով:
Նկարագրածս գուցե լրագրողական հոդվածի շրջանակների համար մի քիչ ավելի երկար ստացվեց, սակայն այդ քայլին գնալով ես փորձեցի պատկերավոր ձևով արտահայտել տեղի ունեցածի իրական նկարագիրը ու զարգացման հաջորդականությունը:
Հարցի այն մասին , թե Ա. Կարապետյանը ինչպե՞ս է զինված վիճակում մուտք գործել գլխավոր դատախազի աշխատասենյակ, պատասխանեմ շատ համառոտ: Դեպքը տեղի է ունեցել 1998թ. օգոստոսի 6-ին, երբ գլխավոր դատախազի աշխատասենյակ մուտք գործելու համար մետաղորսիչ սարքավորումներ տեղակայված չէին: Նման ստուգումներ առհասարակ չէին իրականացվում: Գլխավոր դատախազության ցանկացած աշխատակից իրավունք ուներ և կարող էր ունենալ և կրել հաշվեցուցակային զենք:
Ա. Կարապետյանն էլ, որպես ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, նույնպես ուներ իրեն ամրացված և իր անվամբ գրանցված «Մակարով» մակնիշի հաշվեցուցակային ատրճանակ:
ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակ մտնելուց առաջ ոչ ոք, առավել ևս գլխավոր դատախազության աշխատակիցները որևէ կարգի ստուգման չէին ենթարկվում:
[b]Հարց.[/b] Մինչև օրս շրջանառվում են լուրեր առ այն, որ Ա. Կարապետյանի տաբելային /հաշվեցուցակային/ ատրճանակը կորել էր, այսինքն` կասկածի տակ է դրվում նրա կողմից սպանություն և ինքնասպանություն կատարելը:
[b]Ա.Մարգարյան[/b]. Նշված հարցի առնչությամբ քրեական գործով ոչ միայն որևէ ապացույց կամ ապացույցի նշույլ ձեռք չի բերվել, այլ քրեական գործի նախաքննության ամբողջ ընթացում այդ մասին առհասարակ որևէ կարգի խոսակցություն չի էլ եղել /քրեական գործի նախաքննությունը տևել է ավելի քան երեք ամիս/: Հաշվեցուցակային ատրճանակը այն առարկան չէ, որ նրա կորչելը, անհետանալը կամ գողանալը առանց քննության կամ առանց հետևանք առաջացնելու անցնի, գնա, քանի որ հենց միայն հաշվեցուցակային զենքը անփութորեն պահելը ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է:
Ինչպես ՀՀ դատախազության ցանկացած աշխատակից, այնպես էլ Ա. Կարապետյանը, եթե անգամ զենքը կորցրած լիներ, րոպե առաջ պատշաճ կարգով հայտարարություն կտար այդ մասին, որպեսզի կորցրած կամ գողացված զենքով հանցագործություն կատարվելու դեպքում ինքը մեղսակից կամ մասնակից չհամարվեր:
Ինչ վերաբերում է հարցում առաջադրված այն հանգամանքին, որ «մինչև այժմ լուրեր են շրջանառվում այն մասին, որ իբր Ա. Կարապետյանի հաշվեցուցակային զենքը կորած է եղել և նրա կողմից ՀՀ գլխավոր դատախազի սպանությունը և ապա ինքնասպանություն կատարելը կասկածի տակ է դրվում», ապա այդ մասին ավելի ճիշտ կլինի առհասարակ ոչինչ չասել, քանի որ դրանք անհեթեթ ապատեղեկատվությունից ավելին չեն:
Եթե ինչ-ինչ անձինք կասկածի տակ են դնում Ա. Կարապետյանի կողմից գլխավոր դատախազի սպանության ու դրան հետևած ինքնասպանության կատարումը, կնշանակի ընդունում են, որ մի երրորդ անձ Ա. Կարապետյանի հաշվեցուցակային զենքով հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում հատկապես այն պահին, երբ գլխավոր դատախազի ու Ա. Կարապետյանի միջև տհաճ միջադեպ է տեղի ունենում , այնուհետև առաջին հարցի պատասխանում նկարագրված հաջորդականությամբ ու հերթականությամբ արձակել է հիշյալ կրակոցները, սպանել գլխավոր դատախազին, այնուհետև նաև` Ա. Կարապետյանին և դարձյալ անհայտ տեղով հեռացել այնտեղից: Եթե շարունակելու լինենք այդ անհեթեթությունը , ապա այդ նույն երրորդ անձը պետք է խնդրած լինի Ա. Կարապետյանին` լայն բացել բերանը, որպեզի կարողանա ատրճանակի փողը շուրջ 8 սմ չափով, ինչպես հիմնավորվել էր փորձաքննությամբ, մտցնել նրա բերանի խոռոչ և առանց նրա ատամներից որևէ մեկը վնասելու ընդհուպ կրակոցով տեղում սպանել նաև նրան:
Նման անհեթեթ լուրեր ու կասկածներ տարածողները ամենայն հավանականությամբ տեղյակ չեն Ա. Կարապետյանի ինքնասպանության մանրամասներին , այլապես գոնե պետք է ստիպված լինեին ինչ-որ ձևով պատասխանել նաև այն հարցին, թե բավականին թիկնեղ և հաղթանդամ / ասել է թե տղամարդկային մեծ ուժի տեր/ Ա. Կարապետյանը ինչու պետք է առանց դիմադրության նշույլ ցույց տալու կամ փորձ անելու լայն բացեր բերանը և թույլ տար, որպեսզի իր բերանի խոռոչի խորքում մահացու կրակոց կատարվի, նորից եմ կրկնում, այնպես որ ատամներից ոչ մեկը փոքր-ինչ անգամ չվնասվի:
Ես կարող էի ավելի լրջորեն վերլուծել և ավելի ծանրակշիռ ապացույցներով ու փաստարկներով հերքել հիշյալ անհեթեթությունները, սակայն պատկերավոր, արտահայտիչ ու տպավորիչ լինելու համար ընտրեցի սույն եղանակը:
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս իմացաք սպանության մասին և ովքե՞ր են առաջինը մուտք գործել գլխավոր դատախազի աշխատասենյակ, որո՞նք են եղել առաջին գործողությունները:
[b]Ա.Մարգարյան[/b]. Նշված քրեական գործով քննչական խումբը հարցաքննել է ՀՀ գլխավոր դատախազության գրեթե ողջ օպերատիվ անձնակազմին: Նրանց ցուցմունքներում մանրամասն նշված է, թե ով ինչպես է տեղեկացել դեպքի մասին: Կոնկրետ ես դեպքին նախորդող պահին իմ աշխատասենյակում ինչ-որ գործով դատավարական փաստաթուղթ էի կազմում:
Միջանցքում անսովոր մարդկային շարժում, անցուդարձ, երթևեկ, քայլերի ու խոսակցությունների ձայներ լսեցի: Դուրս գալով միջանցք` տեսա, որ դատախազության շենքի միջանցքներում աժիոտաժ է, բոլոր աշխատողները կամ գրեթե բոլորը դուրս են եկել միջանցք և գնում են դեպի երրորդ հարկաբաժինը, որտեղ գտնվում է գլխավոր դատախազի աշխատասենյակը: Երբ մոտեցա ընդունարանին, այնտեղ արդեն բավականին աշխատակիցներ էին հավաքվել: Այնտեղ էին նաև գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը, քննչական վարչության պետ Ա. Հովսեփյանը և ղեկավար անձնակազմի այլ աշխատկիցներ: Գլխավոր դատախազի ընդունարանի աշխատող- օգնական Ա.Չիթչյանի կցկտուր պատմածից հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել Ա. Կարապետյանը: Մտնելուց որոշ ժամանակ անց լսել է, որ գլխավոր դատախազն ու Ա. Կարապետյանը խոսում են անսովոր բարձր տոնայնությամբ, կարծես թե վիճաբանում են, քիչ հետո էլ կրակոցների ձայն է լսել: Չի հանդգնել ներս մտնել գլխավոր դատախազի աշխատասենյակ և պարզել` ինչ է կատարվում , այլ հարկ է համարել գնալ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանի աշխատասենյակ և կատարվածի մասին հայտնել նրան:
Գլխավոր դատախազի աշխատասենյակ մուտք ենք գործել չորս հոգով միաժամանակ͵ որոնց թվում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը, քննչական վարչության պետ Ա. Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր երկու ՀԿԳ ավագ քննիչ͵ նրանց թվում ես:
2 դիակն էլ ընկած էր հատակին. գլխավոր դատախազի դիակը` աշխատասենյակի կենտրոնում, իսկ Ա. Կարապետյանինը` մուտքի մոտ: Գլխավոր դատախազին սպանելուց հետո մինչև ինքնասպանություն կատարելը Ա. Կարապետյանը, հավանաբար, փորձել էր դուրս գալ հանգստի սենյակից կոլեգիաների փոքր դահլիճ տանող դռնով , սակայն տեսնելով, որ դուռը փականով փակ է և դուրս գալն ու թաքնվելը անհնար է, հենց հանգստի սենյակի մուտքի դռան մոտ ինքնասպանություն էր գործել: Անձամբ ես ստուգել և տեսել եմ, որ հանգստի սենյակից կոլեգիաների դահլիճ տանող դուռը փականով փակ էր:
Մուտք գործելով աշխատասենյակ և տեսնելով կատարվածը` մենք հրավիրել ենք համապատասխան մասնագիտությամբ փորձագետներ, այդ թվում` դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլն, կատարել ենք դեպքի վայրի զննություն, դիազննություններ, առգրավել և քր. գործին ենք կցել այն բոլոր իրերն ու առարկաները, որոնք կարող էին ապացուցողական նշանակություն ունենալ, այդ թվում` կրակված երեք գնդակները, որոնցից երկուսը հատակից, մեկը` հանգստի սենյակի դռան փայտյա շրջանակի միջից: Մեկական գնդակ էլ հետագայում հանվել է Հ. Խաչատրյանի և Ա. Կարապետյանի մարմիններից` դիահերձման ժամանակ: Առգրավվել է նաև Ա. Կարապետյանի հաշվեցուցակային ատրճանակը, որն ընկած էր հատակին՝ Ա. Կարապետյանի դիակի մոտ: Ատրճանակի պահունակում առկա էր երեք փամփուշտ, իսկ հինգը, ինչպես նշել եմ, կրակվել էին:
Մանրակրկիտ զննվել է գլխավոր դատախազի աշխատասենյակը, հանգստի սենյակը, մետաղյա չհրկիզվող պահարանը, գրասեղանների դարակներն ու գզրոցները, առգրավվել և հետագայում մանրամասն զննվել ու ուսումնասիրվել են մետաղյա պահարանում և գրասեղանների դարակներում եղած բոլոր փաստաթղթերը:
Հարց. Ճի՞շտ է, արդյոք, որ սպանության օրը գլխավոր դատախազի թիկնազորը փոխված է եղել, եթե այո, արդյոք դա որքանո՞վ է ազդել գլխավոր դատախազի անվտանգության ապահովման վրա և ընդհանրապես, նրա անվտանգության ապահովման ուղղությամբ քննությունն ի՞նչ բացթողումներ է ի հայտ բերել:
Ա.Մարգարյան. Դեպքի օրը կամ դրանից օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազի թիկնազորը փոխված չի եղել:
Թիկնազորին հատկացված աշխատասենյակը գտնվում էր նույն հարկաբաժնում, միջանցքի մյուս կողմում, ընդունարանի մուտքի դռանը գրեթե դեմ դիմաց:
Ինչպես նշել եմ, դեպքը կատարվել էր գլխավոր դատախազի աշխատասենյակում, աշխատանքային սովորական ռեժիմի պայմաններում: Գլխավոր դատախազի անվտանգության ապահովման ուղղությամբ քրեական գործի քննությամբ թերություններ կամ բացթողումներ չեն հայտնաբերվել:
Մանրամասներն՝ [url=http://www.pastinfo.am/hy/news/2017/03/23/%D5%80%D5%80-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6-%D5%80%D5%A5%D5%B6%D5%BD%D5%AB%D5%AF-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80/523807]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4424 դիտում
14:26 20-03-2018
ՀԿԳ ավագ քննիչ է ձերբակալվել. ՀՀ դատախազություն
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին