2258 դիտում
14:27 27-01-2014
Բացառիկ հարցազրույց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ
Գրոնինգենի մրցաշարի եւ Հայաստանի առաջնության միջեւ ընկած կարճատեւ դադարի ընթացքում [b]«Շախմատային Հայաստան»[/b] շաբաթաթերթի թղթակիցը հարցազրույց է անցկացրել մեր ուժեղագույն երիտասարդ գրոսմայստերներից մեկի` Զավեն Անդրիասյանի հետ:
[b]- Զավե’ն, շնորհավորում եմ քեզ Գրոնինգենում հաղթելու կապակցությամբ: Ի՞նչ կպատմես այդ մրցաշարից: Ինչպե՞ս այն անցավ: [/b]
- Շնորհակալ եմ: Մրցաշարը շատ հաջող անցավ. ունեցա հինգ հաղթանակ եւ չորս ոչ-ոքի: Նախորդ տարվա մրցաշարի պես էր, գրեթե տարբերություններ չեղան: Միայն անցյալ տարի ես յոթերորդ տուրում էի հաղթել եւ վերջին պարտիաներն ավարտել ոչ-ոքիով, իսկ այս տարի հակառակը եղավ` յոթերորդ եւ ութերորդ տուրերում ոչ-ոքի խաղացի եւ իններորդ պարտիան շահեցի: Իմ լրացուցիչ ցուցանիշները շատ բարձր էին, ինձ անհրաժեշտ էր միայն միավորներով հավասարվել առաջատարին, եւ ինձ դա հաջողվեց: Չորս հոգով բաժանեցինք առաջին տեղը` ես եւ երեք հոլանդացիներ, եւ ես հաղթող դարձա:
[b]- Խնդիրներ, դժվարություններ եղա՞ն մրցաշարի ժամանակ: [/b]
- Բնականաբար, եղան, բայց անլուծելի չէին: Մրցաշարի ընթացքում ես հիմնականում լավ դիրքեր ունեի, մի երկու պարտիա կարելի էր կասկածելի համարել, բայց ամեն դեպքում արդյունքից գոհ եմ:
[b]- Ո՞րն էր ամենալարված պարտիան: [/b]
- Հենց վերջինը: Հակառակորդս` գրոսմայստեր Նովիկովը, բավականին ուժեղ էր եւ նույնպես պայքարում էր առաջին տեղի համար: Այդ պարտիայում ես սկզբնախաղից արդեն առավելություն ունեի, մի պահ միայն լավ չխաղացի, բայց վերջում կարողացա հաղթել:
[b]- Ինչպե՞ս էիր հանգստանում պարտիաներից հետո: [/b]
- Ես միշտ նույն կերպ եմ հանգստանում. ֆիլմեր եմ դիտում: Այդպես ժամանակն արագ է անցնում: Չնայած ազատ ժամեր գրեթե չէին մնում: Ցերեկը ժամը մեկին մրցաշարն էր, արթնանում էի ու գնում խաղի, որն ավարտվում էր ժամը վեցին: Հետո ճաշում էի, ճաշից հետո հոգնած գալիս էի հյուրանոց ու պառկում քնելու: Ունեինք միայն մեկ հանգստյան օր` դեկտեմբերի 25-ը, որն էլ անցկացրինք Սուրբ ծնունդը նշելով:
[b] - Ի՞նչը նպաստեց, որ դու լավ հանդես գաս այս մրցաշարում:
[/b]
- Այնպես էր ստացվել, որ 2013 թվականն ինձ համար շատ լավ էր ընթանում մինչեւ որոշ ժամանակ. տարեսկզբից գործակիցս մոտ 40 կետով բարձրացրել էի, լավ էի խաղացել բոլոր մրցաշարերում: Հետո համակարգիչս փչացավ, ու ես հնարավորություն չունեի բնականոն պարապելու: Իմ այդ անհաջող շրջանում երկու մրցաշար ունեցա, որոնցում վատ հանդես եկա եւ վարկանիշս 20 կետով իջեցրի: Բայց շուտով ամեն ինչ ընկավ իր տեղը, եւ Գրոնինգենում հաջող ընթացքը սպասելի էր: Ես լավ նախապատրաստվել էի, ամեն ինչ նորմալ էր:
[b]- Ասում ես, որ անցած տարին քեզ համար հաջող էր: Ո՞րն էր քո ամենամեծ հաջողությունը:
[/b]
- Ամենակարեւոր հաջողությունն ինձ համար ունիվերսիադայի երկրորդ մրցանակն էր: Բայց ես գրեթե բոլոր մրցաշարերում լավ եմ հանդես եկել: Եթե նույնիսկ չեմ գրավել առաջին տեղը, բարձրացել է վարկանիշս, իսկ դա արդեն նշանակում է, որ ամեն ինչ վատ չէ:
[b]- Գրոնինգենի օփենի երրորդ տուրում հանդիպում էիր Էլինա Դանիելյանի հետ: Այդ պարտիան ավարտվեց ոչ-ոքիով: Ի՞նչ կպատմես այդ տուրից: [/b]
- Էլինայի հետ մենք մտերիմ ընկերներ ենք, իսկ ես առհասարակ չեմ սիրում խաղալ ընկերներիս հետ: Ես ու Էլինան մրցաշարը լավ էինք սկսել, եւ քանի որ պարտիան վճռական չէր, որոշեցինք այդ օրը մեզ հանգիստ տալ, մրցաշարի ընթացքում հանգստյան օր ստեղծել: Առանձնապես չենք էլ պայքարել:
[b]- Ասում ես, որ ընկերներիդ հետ չես սիրում խաղալ: Իսկ ահա Հայաստանի առաջնությունը...[/b]
- Այդ պատճառով էլ մեր առաջնությունում ես միշտ վատ եմ խաղում, ոչ մի անգամ չեմ կարողացել առաջին տեղը գրավել: Բոլորի հետ լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ, եւ շատ դժվար ու տհաճ է նրանց հետ խաղալը: Այդ հոգեբանական պահը բոլորիս վրա ազդում է: Ես դեռ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը բարձրագույն խմբում ցույց տա իր լավագույն խաղը: Կարող է մեկի մոտ խաղն ավելի լավ ստացվի, քան մյուսների, բայց դա իր ՙիսկական՚ խաղը չէ: Այնպես որ, եթե իմ ընկերների հետ չխաղայի, հաճույք կստանայի մրցաշարից:
[b]- Գրոնինգենի մրցաշարն ավարտվեց դեկտեմբերի 30-ին: Հասցրի՞ր հանգստանալ եւ Նոր տարին լավ նշել: [/b]
- Իրականում ես հասցրի հանգստանալ ճանապարհին` գնացքում, ինքնաթիռում: Դեկտեմբերի 31-ի ցերեկն արդեն Երեւանում էի: Ինչ վերաբերում է Նոր տարուն, շատ լավ դիմավորեցի. տասներկուսն անց կես պառկեցի քնելու (ծիծաղում է - Ժ.Պ.): Շատ հոգնած էի, ի վիճակի չէի արթուն դիմանալ:
[b]- Բարձրագույն խմբից հետո ի՞նչ ծրագրեր ունես: [/b]
- Մասնակցելու եմ մոսկովյան օփենին, նաեւ կխաղամ Եվրոպայի երեւանյան առաջնությունում: Ունեմ գրեթե պատրաստի շախմատային խնդրագրքեր, որոնք պետք է խմբագրեմ եւ տամ տպագրության, հավանաբար հոլանդական ՙNew Chess՚ ամսագրի հետ կրկին կհամագործակցեմ գիրք գրելու համար:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
18:09 30-01-2014
Բացառիկ հարցազրույց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ
1280 դիտում
13:07 24-12-2020
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
2494 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2845 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4153 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային