36514 դիտում
22:04 07-12-2018
Նոր մանրամասներ Նուբարաշենի բանտից փախուստի փորձ կատարած կալանավորներից. նրանք ձեռնամարտի են մտել բանտի աշխատակիցների հետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաղի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 6-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07:40-ի սահմաններում Նուբարաշեն ՔԿՀ-ից արդարադատության նախարարություն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցի դատապարտյալ, Արթիկ քաղաքի Սայաթ- Նովա փողոցում հաշվառված 33-ամյա Էդգար Վարագյանը և Լոռու մարզի Նորաշեն գյուղում հաշվառված 25-ամյա Փայլակ Մարտիրոսյանը դիմել են փախուստի, որի ժամանակ Է. Վարագյանը զենքի նմանվող փայտե գործիքով փորձել է սպառնալիքներ տեղալ ու ահաբեկել պահակախմբին, որպեսզի կարողանա դուրս գալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խումբը պարզել է, որ Նուբարաշենի բանտից փախուստ կատարելու վերաբերյալ Է. Վարագյանն ու Փ. Մարտիրոսյանը նախնական համաձայնության շրջանակներում բանտի մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու՝ բետոնային հատվածը քերելու և քարն առանձնացնելու միջոցով, պատի վրա բացել են հսկայական անցք և դեկտեմբերի 6-ին՝ գիշերը ժամը 04:30-ի սահմաններում նրանք հայտնվել են արգելագոտում:
Նշված անձինք օգտվելով մառախլապատ եղանակի անտեսանելիության պայմաններից՝ կարողացել են մագլցելով հաղթահարել զբոսանքի համար առանձնացված տարածքի 2,5 մետր բարձրության պատը:
Դրանից հետո նրանք անցել են 200 մետր՝ հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը և ներթափանցել հսկիչ հետքային արահետ:
Դրանից հետո հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը, այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը ու որդեն բանտի աշխատակիցների պրոֆեսիոնալ ու ճիշտ գործողությունների արդյունքում Է. Վարագյանի և Փ. Մարտիրոսյանի «մուրազները փորները մնաց»:
Նրանք չկաողացան փախուստի միջոցով վայելել ազատության բերկրանքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Վարագյանը կալանավորված է 2013թ-ի սեպտեմբերի 24-ից, իսկ Փ. Մարտիրոսյանը 2017 թ.-ի նոյեմբերի 30-ից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: