211652_close_icon
views-count2614 դիտում article-date 11:43 10-04-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «DAF» մակնիշի բեռնատարը «Բոմբ» հյուրանոցի մոտ կոտրել է բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում  «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ պարեկները պարզել են, որ երկաթե մի քանի արգելապատնեշներ շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող «BMW» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր