Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ>> ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղաի դի:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից:
Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Սպանություն կատարելու կասկածանքով Ց. Սիմոնյանը ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 27-ամյա Ցոլակ Սիմոնյանն է

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




