211652_close_icon
views-count47808 դիտում article-date 10:34 28-10-2017

Նորապատում խոշոր հրդեհի հետևանքով փողոցում հայտնված 10-ից ավելի ընտանիքներ դիմելու են ծայրահեղ միջոցի. նրանք չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը գումար է փոխանցել Արմավիրի մարզետարան, որպեսզի հոգան հոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ նախկին դատարանի շենքում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով փողոցում հայտնված բնակիչների հոգսերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին հայտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, ովքեր, ըստ բնակիչների, ոչ մի անգամ չեն փորձել օգնության ձեռք մեկնել իրենց. «Մենք կառավարությունից ու մարզպետարանից ոչինչ չենք ուզում՝ թող մեզ միայն տան 4 պատ, մենք մեր հարցերը կլուծենք։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մարդիկ բնակվեն վրանում, վրանն էլ մենք ենք մեր ուժերով ճարել և վարձակալական հիմունքներով վերցրել ենք։ Կառավարությունը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե իրենք հոգում են մեր խնդիրները։ Դրանց խոսքերն ամպագոռգոռ են, օդ դուրս եկան։ Ո՛չ մարզպետին ենք հավատում, ո՛չ քաղաքապետին, տո, ո՛չ էլ կառավարությանը։ Թողես, մենակ շոուով զբաղվեն։ Մենք գիտենք, որ էդ շենքը իրան-իրան չվառվեց, համոզված ենք, որ այն վառել են, քանի որ 1 շաբաթ առաջ ինչ-որ մարդիկ եկել էին մեր մոտ ու ասում էին, որ՝ էս շենքը մենք առել ենք ու ձեզ դուրս ենք հանելու, ու տեսնելով, որ մենք ընդվզում ենք, իրենց սև գործն արեցին։ Պահանջում ենք իրավապահներից, որպեսզի բացահայտեն, թե ինչի պատճառով վառվեց շենքը։ Գնացել ենք Արմավիրի քաղաքապետարան, էնտեղի պաշտոնյաները մեզ ասում են, թե կառավարությունը փող ա տվել, գնացեք ձեր համար վարձով տուն ճարեք, մնացեք։ Նման անհեթեթ ու ոչ մարդկային պատասխան մեր քաղաքապետարանից կստանայինք, ովքեր մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին։ Մարզպետարանի մասին էլ խոսք չկա. մարզպետը չի բարեհաճում նստատեղը փափուկ կռեսլոյից մի պահ հանի ու գա, մեր վիճակին ծանոթանա։ Եթե մեր խնդիրները կարճ ժամանակում չլուծվի, իսկ մենք ոչինչ չենք ուզում՝ միայն 4 պատ, կամ բոլորով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, գնալու ենք կառավարության դեմը նստենք, կամ էլ դիմելու ենք ամենածայրահեղ քայլին. անցնելու ենք հայ-թուրքական սահմանը»։ Բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Կարմիր խաչին, որոնց ներկայացուցիչներն առաջին օրվանից սատար են կանգնել իրենց և հոգացել են, որ օրը գոնե 1 անգամ իրենց սննդի հարցը լուծել են. «Բայց դե, ինչքա՞ն մնանք Կարմիր խաչի հույսին, էդ մարդիկ ինչքանով կարող են, օգնում են»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/23/1080464/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Ժամանել էին 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Կրակը տեսանելի է եղել անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարել էին կրակի տարածման դեմ, սակայն, քանի որ շենքը, ինչպես բնակիչներն էին ասում, «բաղդադի» էր, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին էր դարձել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ շենքը երկհարկանի էր և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո առաջացել էր կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկային, սակայն ամենակարևոր հարցն այն էր, թե այդ 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել էին նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ էին գիշերելու և արդյո՞ք կառավարությունը սատար կկանգներ այդ ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր