93692 դիտում
15:07 10-03-2020
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. հրդեհի հետևանքով անասնագոմում սատկել են 150-ից ավելի խոզեր ու գոջիներ, ֆերմայի աշխատակիցները հավատում են, որ կառավարությունն օգնության ձեռք կմեկնի, ինչի շնորհիվ աշխատատեղերն էլ չեն փակվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի 9-րդ փողոցի 1/18 հասցեում գործող անասնաֆերմայում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, անասնաֆերմայի աշխատակիցները, սակայն անզոր են եղել կանխել կրակի տարածումը։
Արդեն ժամանած Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են անասնաֆերմայում առաջացած հրդեհը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անասնաֆերմայի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս են բերել մայրացու խոզերին և գոջիներին, որից հետո նրանց միացել են Մասիսի և Արտաշատի հրշեջ-փրկարարները, ովքեր նույնպես դուրս են բերել ու անվտանգ վայր են տեղափոխել խոզերին։
Հրդեհը մարելուց հետո անասնագոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզեր ու գոջիներ, իսկ այն խոզերն ու գոջիները, որոնք որ փրկվել են, մեծ մասը, ըստ մասնագետի, հնարավոր է՝ չապրեն, քանի որ ամբողջովին ստացել են այրվածքներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էս ֆերման զրոյից ստեղծել են 4 եղբայրներով, ովքեր «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից վարկ են վերցրել ու զրոյից ստեղծել են։ Առավոտից իրիկուն զբաղվում էին խոզաբուծությամբ և հենց 4 եղբայրների շնորհիվ նաև աշխատատեղեր էին ստեղծվել, հետագայում էլ պետք է ընդլայնվեր ու ավելանար աշխատողների թիվը։ Կրակը ոչ հոսանքից է առաջացել, ոչ էլ ֆերմայի աշխատակիցներից, այլ հարևանի տնից, ում բազմիցս հորդորել, խնդրել ենք, որ դրսում չոր խոտը չվառի, սակայն տարիքով կին է, ուրիշ ձևի մեզ թույլ չէինք տալիս նրան ասել։ Հիմա խնդրանքով դիմում ենք, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վարչապետը խրախուսել ու խրախուսում է աշխատատեղերի ստեղծումը։ Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը, ինչո՞ւ չէ, նաև Արարատի մարզպետարանը, օգնության ձեռք կմեկնի եղբայրներին, ովքեր այս փորձությունից պատվով դուրս կգան։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։ Նրանք կառավարությունից ոչ փող են ուզում, ոչ էլ՝ չգիտենք ինչեր, ուղղակի խնդրում ենք, առաջին հերթին, կառավարությունը միջնորդի վարկային կազմակերպությանը, «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ մի քանի տարով սառեցնի վարկը, իսկ կառավարությունն էլ պահուստային ֆոնդից գումար հատկացնի, բայց ոչ անվերադարձ, մարդիկ հաստատ 1-2 տարվա ընթացքում մայր գումարը կվերադարձնեն, բայց դրա արդյունքում նորից ֆերման կգործի, կբացվեն նոր աշխատատեղեր»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անասնաֆերմայի աշխատակիցները, հավատալով կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, հենց իրենց միջոցներով ստեղծել էին միջազգային չափանիշներին համապատասխան սպանդանոց և առաջիկա օրերին պետք է հանձնաժողովը գար և թույլ տար՝ սպանդանոցը շահագործվեր, սակայն հիմա թե գյուղացիներին, թե անասնաֆերմայի աշխատակիցներին մտահոգում է վարկի խնդիրը։
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանը։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ հետաքննության վարչության խումբը՝ հետաքննիչ Պարույր Մանուկյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս և կրակի հետևանքով անասնագոմի տանիքը, ներսի փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև անասնաֆերմայի տարածքում տնկված մեծ թվով մրգատու ծառեր ջերմահարվել են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+