176909 դիտում
10:47 23-09-2017
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, «պռակատով» վերցված Audi-ով վրաերթի է ենթարկել իր հարևաններին, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և այդ պահին վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող գյուղի միջնակարգ դպրոցում ծառայություն կատարող Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տիգրան Գալստյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պարեկապահակային ծառայության ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանն ու Պաշտպանության նախարարության զինվորներ։
Վրաերթի ենթարկվածներից մեկն այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
2 վրաերթի ենթարկվածներն էլ գտնվում են ծանր կայուն վիճակում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Սուրեն Սահակյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդն էլ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ վարորդի հարսանեկան արարողությունն էր, իսկ նա ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի։
ՃՈ-ում և Մասիսի հետաքննչական բաժանմունքում պարզվում է վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+