211652_close_icon
views-count153691 դիտում article-date 14:32 28-04-2017

Դաժան սպանություն Արարատի մարզում. 36-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է 69-ամյա տղամարդուն, իսկ հետո համոզվելու համար, որ նա մահացել է, մեքենայով անցել է դիակի վրայով, այնուհետև դին նետել գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ Մասիսի ոստիկանությունից Արարատի մարզի Նորամարգ գյուղ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխեցին Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյանին։ Ինչպես Նորամարգ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։ Այս պահին Վ. Օհանյանը քննիչներին ու ոստիկաններին մատնացույց է անում այն վայրը, որտեղ որ նետել է դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Սարգսյանը, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հ. Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նույն օրը մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանի կողմից ստեղծվում են օպերատիվ մի քանի խմբեր՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Ղազարյանի, Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի, Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի կողմից ստեղծվում է քննչական խումբ, որտեղ ներգրավվում են մի քանի քննիչներ՝ ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբ է ստեղծվում նաև ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ են կատարել՝ այդ թվում, լինելով 2 տասնյակից ավելի հասցեներում, ինչի արդյունքում էլ սպանությունը կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն է բերման ենթարկվել Վ. Օհանյանը։ Այս պահին սպանության վայրում կասկածյալը մատնացույց է անում այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետև դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից և նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնում է նաև, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։ Նախ ոստիկաններին օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Մասիսի թիվ 25 և Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և Մասիսի ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։ Մարզի փրկարարական վարչության պետի խնդրանքով դեպքի վայր են ժամանում նաև Սևանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում է, որ դին նետել է գետը։ Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ջրասուզակները, որպեսզի կատարվեն դիակի որոնողական աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր