211652_close_icon
views-count134026 դիտում article-date 12:23 20-04-2017

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ГАЗ-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 2 վիրավոր, մահացածներից մեկին բնակիչները ոտքով պատգարակով տեղափոխում են Թալինի հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 19 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորագյուղ գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանի գլխավորությամբ, ովքեր օգնել են, որպեսզի վիրավորները տեղափոխվեն հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Այս պահին Թալինի ոստիկաններն ու ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել աթարով։ Այս պահին արդեն ժամանած քննիչները Ա. Պետրոսյանի գլխավորությամբ վթարի վայրում կատարում են տեղազննման աշխատանքներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քանի որ Թալինի հիվանդանոցի հերթապահ խումբն ուշանում է, որպեսզի մահացածների մեկի դին տեղափոխի հիվանդանոց, իսկ մինչ այդ, Թալինի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել մահացածներին և վիրավորներին։ Բնակիչները, տեսնելով, որ Թալինի բժիշկները «դարձել են Նոյի ագռավ», ստիպված՝ իրենք իրենց ուժերով փրկարարների հետ փրկարարների պատգարակով դին ոտքով տեղափոխեցին Թալինի հիվանդանոց և մոտ 2 կմ ոտքով անցնելուց հետո նոր գյուղացիներից մեկի ավտոմեքենայով դին տեղափոխեցին ու այդպես էլ Թալինի հիվանդանոցի հերթապահ խումբը «դարձել է Խաչատուր Աբովյան». դուրս է եկել հիվանդանոցից ու չկա։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր