153509 դիտում
13:07 24-12-2015
Դաժան սպանություն Երևանում. բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի. տարածքն ամբողջովին արյունով է պատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատում են՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցնում են արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ են կատարում:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։(շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը երկվորյակ եղբայր ունի և բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա 10-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացված հետք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+