211652_close_icon
views-count131587 դիտում article-date 19:00 29-07-2015

Սպանություն Երևանում. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տան մուտքի մոտ հրազենից սպանվել են ամուսինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը, սակայն բժիշկները անզոր են եղել բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ամուսինները տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության աշխատակիցները՝ դատախազի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են եղել: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին և բնակվում էին Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքում, սակայն իրենց բնակարանը վարձով էին տվել և ժամանակավոր բնակվում էին ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի հանձնարարականով, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ամուսիններին սպանած անձի ինքնությունը, ճշտել են, թե ինչ տեսակի հրազենից են կրակոցները արձակվել եւ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ, ով Վրաստանի քաղաքացի է: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր