16292 դիտում
11:13 09-12-2014
Լարված իրավիճակ՝ «Արմենտել» ընկերության դիմաց. մի խումբ աշխատակիցներ պահանջում են իրենց գումարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արմենտել»-ի կենտրոնական մասնաշենքի առաջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության մի խումբ աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ 5 տարուց ավելի է՝ «Արմենտել» ընկերության հաշվեկշռում աշխատող «Կ. Մարտիրոսյան» ՍՊԸ-ի պատասխանատուներն անհիմն պատճառաբանություններով իրենց գումարները չեն վճարում:
Բողոքի ակցիային մասնակցողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Կ.Մարտիրոսյան» ընկերության տնօրենը, որը կին է, հայտարարում է, որ ինքը չի կարողանում վճարումները կատարել, քանի որ «Արմենտել»-ն իրեն «քցել» է, մինչդեռ «Արմենտել»-ից պնդում են, որ իրենք բարեխիղճ կատարել են վճարումները, իսկ թե ինչի համար Կ. Մարտիրոսյան ընկերության պատասխանատուները չեն վճարել, իրենց համար անհասկանալի է»:
Բողոքավորների թիվը այս պահին 20-ից ավել է, սակայն նրանք պնդում էին, որ «քցվածներ»-ի թիվը գերազանցում է 200-ը: Մի մասին պարտք են 250.000 դրամ, մի մասին` 300.000, մի մասին` 500.000 դրամ, սակայն նրանք հույս էլ չունեն, որ իրենց գումարները օրինական ճանապարհով կստանան, ինչի համար էլ դիմել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Այս պահին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Արմեն Վաթյանի հանձնարարականով, նույն բաժնի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութ է նախապատրաստվել, այցելեց բողոքավորներին և հայտնեց, որ համապատասխան հարցում են իրենք ուղարկել «Արմենտել» ընկերությանը և սպասում են պատասխանին: Նա հայտնեց նաև, որ արդեն լսել են «Կ.Մարտիրոսյան» ՍՊԸ-ի տնօրենին, ով պնդում է, որ մեղավորը «Արմենտել»-ն է:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին իրենց բողոքը շարունակել Կառավարության դիմաց, սակայն հետաքննիչի հետ զրույցից հետո ժամանակավոր դադարեցրեցին իրենց բողոքը՝ սպասելով հետաքննիչի պատասխանին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հետաքննիչը հայտնել է, որ մի քանի օրվա ընթացքում վստահ է, որ «Արմենտել»-ը կպատասխանի իրենց գրավոր հարցմանը, ինչից հետո պարզ կլինի իրենց հետագա քայլը:
Եթե նյութի նախապատրաստման ընթացքում ի հայտ գան քրեական տարրեր, ապա կհարուցվի քրեական գործ և նախապատրաստված նյութերը կփոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)