211652_close_icon
views-count17293 դիտում article-date 10:03 23-10-2014

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հովիվը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանի ատրճանակը

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գևորգյանը ծառայություն կատարելիս է եղել Ապարանի ջրատարի պահակակետում, երբ Ս. Իսպիրյանը մտել է պահակակետ, թիկունքից հարվածել Վ. Գևորգյանին: Նրանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ և այդ պահին Ս. Իսպիրյանը հափշտակել է ատրճանակը և դիմել փախուստի: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության համապատասխան ծառայություններին և հայտարարվել է տագնապ: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Ապարանի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ս. Իսպիրյանը հնարավոր է լինի տանը կամ սարում, քանի որ նա հովիվ է: Մի քանի խմբեր որոնողական աշխատանքեր են սկսում սարերում, իսկ մի խումբ էլ նրան հայտնաբերում է տանը: Միայն գիշերը ժամը 03:30-ի սահմաններում կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս.Իսպիրյանը հանձնում է ոստիկանից հափշտակած զենքը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ոստիկանների և քննիչների հետ համատեղ աշխատել են նաև Արագածոտնի մարզի դատախազության դատախազները: Ս. Իսպիրյանը ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր