211652_close_icon
views-count33853 դիտում article-date 08:47 19-09-2014

Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. կան 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Սուքիասյանի և Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Մտնելով տուն՝ ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին: Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն: Արդեն նշված հասցե են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչները՝ ավագ քննիչ Հրաչ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև դատաբժիշկն ու քրեագետը: Ու մինչ դատաբժիշկն ու քրեագետը տեղում իրենց աշխատանքներն էին կատարում, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ դեպքից րոպեներ առաջ նշված հասցեում է գտնվել «Ռուս Արթուր» մականվամբ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Արթուր Ղավալյանը: Օպերատիվ քննչական խմբերը սկսում են որոնողական աշխատանքները կասկածյալ Ա. Ղավակյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը, ով նույնպես ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր