26257 դիտում
10:13 26-08-2014
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատում հայտնի, 51-ամյա «Զինագործ Նիկոլը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 25-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես Արտաշատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սերգեյ Գալստյանի, Արտաշատի ոստիկանության պետ Արտակ Ղազարյանի և ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ պարզել են, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված անձը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 51-ամյա Աբրահամ Պողոսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, հրազենային վնասվածքները ստացել է որովայնի և ոտքի մասում և ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց Ա. Պողոսյանը, ով Արտաշատում հայտնի է «Զինագործ Նիկոլ» մականվամբ, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հրազենային վնասվածքները Ա. Պողսյանը ստացել է նախորդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, երբ Մարքսի փողոցում իր տան մոտ նստած է եղել նստարանին և անհայտ անձը կրակոցներ է սկսել արձակել նրա ուղղությամբ: Ա. Պողոսյանը կարողացել է փախչել, սակայն վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են հրազենից արձակված 1 գնդակ և մի քանի պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր Արարատի մարզի ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտյոմ Բեգլարյանը: Փաստի առթիվ քննիչ Ս. Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+