211652_close_icon
views-count114668 դիտում article-date 17:59 18-03-2026

Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում. 3 մահացած երիտասարդ տղաներին և վիրավոր երիտասարդ տղային հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ 

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Դավիթ Մանուկյանի, վաշտի հրամանատար Նարեկ Խաչատրյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարուշ Զիրոյանը և Պարգև Հարությունյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների հետ մահացածների մարմինները մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։ Բոլոր մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողների օգնությամբ հատուկ ճոպանի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, որն էլ ավտոքարշակով տեղափոխվեց ոստիկանության Սիսիանի բաժին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր