211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:31 29-11-2026

Ես շատ հայրենասեր եմ, իմ ամենամեծ նպատակն է՝ ներկայացնել իմ երկիրը․ Հայկ Մարտիրոսյան

Մագնուս Կարլսենն իմ կուռքն է: Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ նրան: Դեռ լիարժեք չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, բայց երբ պատահական մարդիկ մոտենում են, շնորհավորում, երկրպագում են ինձ, շատ եմ ուրախանում: Երբ հայրս փոքր տարիքում ասում էր, որ մի օր նրան հաղթելու եմ, ծիծաղում էի՝ չհավատալով: Այսօր դա իրականություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Total World Chess Championship Tour-ում Հայկ Մարտիրոսյանն (2669) աննախադեպ հաղթանակ գրանցեց:  Մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար շախմատիստը սպիտակ ֆիգուրներով հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2823): Պատասխան պարտիայում ոչ ոքի արդյունք գրանցեց: Ուժեղագույն շախմատիստի նկատմամբ տարած հաղթանակը մեծ արձագանք ստացավ ինչպես միջազգային, այնպես էլ հայ հանրության շրջանում:

Հայկ, մի քանի օր շարունակ հայկական եւ միջազգային մամուլը խոսում էր 26-ամյա հայ երիտասարդի մասին, որը հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել Բուդապեշտից:

Ինձ համար իսկապես շատ հաջող ստացվեց այս մրցաշարը, Մագնուսի նկատմամբ հաղթանակը, մյուս շատ ուժեղ շախմատիստների նկատմամբ հաղթանակներս: Հաջող մրցաշար անցկացրի եւ հույզերով լի վերադարձել եմ հայրենիք: Total World Chess Championship Tour-ը համարվում է պատմության ուժեղագույն մրցաշարն իր ձեւաչափով: Այդտեղ հայտնվելն ինձ համար արդեն շատ մեծ հաղթանակ է: Դրանից բացի, ես հաղթեցի աշխարհի առաջին համարին, թոփ-10-ի շախմատիստներին, վարկանիշս բարձրացրի 26-ով, որը նույնպես աննախադեպ եւ աշխարհահռչակ ձեռբերում ունեցա: Այս ամենը նպաստեց նաեւ իմ երկրին ավելի մեծ ճանաչում բերելուն:

Առաջին անգամ էր անցկացվում Total World Chess Championship Tour-ը: Ի՞նչպես ընդգրկվեցիր լավագույն 24-ի մեջ:

Սա աննախադեպ մրցաշար էր, որի գլխավոր հովանավորներից մեկն էլ նաեւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր: Այս մրցաշարում պատահական շախմատիստ չէր կարող հայտնվել: Մասնակցում էին աշխարհի չեմպիոն, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, առաջին 9 համարի խաղացողները: Տարվա ընթացքում շատ մրցաշարերում էի հաղթել, որոնց շնորհիվ բոնուս միավորներ էի ստացել: Դրա հաշվին ընդգրկվեցի 24 լավագույնի մեջ:

Ինչպիսի՞ն էր արձագանքդ, երբ իմացար, որ խաղալու ես Կարլսենի հետ: 

Երբ դասավորվում էին խմբերը, ես ընկա ամենաուժեղ՝ «մահվան» խումբը: Մեծ էր ոգեւորությունս, երբ իմացա, որ պետք է խաղամ նաեւ նրա հետ. անբացատրելի էմոցիաներ էր: Նա իմ կուռքն է եղել դեռ փոքր տարիքից, ամենուժեղ շախտամիստն է, 15 տարի աշխարհի առաջին համարն է, անփոխարինելի: Փոքր տարիքից նրա խաղերին հետեւել եմ, ինձ համար նա մեծագույն շախմատիստ է:

Երբ փոքր էի, հայրս ասում էր, որ ես մի օր խաղալու եմ նրա հետ եւ հաղթեմ. չէի հավատում, ծիծաղում էի: Ստացվեց, որ իսկապես խաղացի եւ հաղթեցի: Ինձ համար սա շատ մեծ ձեռքբերում է իմ կարիերայում, ավելի մեծ հաջողություն էր, քան եթե 20 մրցաշար իրար հաջորդելով հաղթեի:

Մրցաշարում զբաղեցրի 9-րդ տեղը: Մրցաշարում լավագույն տասնյակում հայտնվելը շատ լուրջ արդյունք է: Մագնուսի նկատմամբ հաղթանակից եւ ոչ ոքիից հետո, հուզական ֆոնը շատ էր, բայց շարունակում էի կենտրոնացած խաղալ, քանի որ մեծ էր ցանկությունս լավ հանդես գալ: Մրցաշարում էլի մի քանի շատ կարեւոր հաղթանակներ եմ տարել՝ հնդիկ ամենաուժեղ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ: Որպես փաստ նշեմ, օրինակ՝ Անիշ Գիրին եզրափակիչում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), բայց ամբողջ մրցաշարի ընթացքում դասական շախմատում միակ պարտությունն ինձանից էր կրել: Նույնը Մագնուսի դեպքում եղավ: Որքան էլ նա դժվարությամբ էր հաղթում, բայց ամբողջ մրցաշարում դասական շախմատում միակ պարտությունն ինձանից կրեց:

Ի դեպ, 24 ուժեղագույն շախմատիստների մեջ երեւի եզակիներից էի, որ հովանավոր չունեի: Գուցե եւս մեկ-երկու շախմատիստ չունեին հովանավոր, բայց մնացած բոլորը հովանավորներով էին: Օրինակ՝ Արջուն Էրիգաիսին տարեկան կես միլիոն դոլարի հովանավորչություն ունի: Շախմատիստներն այդ գումարներն օգտագործում են լավ մարզիչ վարձակալելու, ֆիզիկական պատրաստվածության, ուժեղ, շատ լավ համակարգիչներ ձեռք բերելու վրա, որոնք բավականին թանկ են:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր