Արաղչին 12 երկրի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության սրումը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների իր գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների հետևանքով լարվածության սրման հնարավոր հետևանքները։
Նրա խոսքով՝ բանակցություններ են անցկացվել Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։
Արաղչին նշել է, որ խորհրդակցությունների ընթացքում ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիան և սպառնալիքները դադարեցնելու, ապակայունացնող արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Նա նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը՝ անկայունության տարածումը կանխելու հարցում, ինչպես նաև Իրանի՝ սեփական ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքը։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության։