Փաշինյանը Թուրքմենբաշիում լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին Թուրքմենբաշիում այցելել է ԱՊՀ երկրների մշակույթի փառատոնի տաղավարներ, այդ թվում՝ ադրբեջանական։
Ցուցադրության շրջանակում ներկայացվել են ադրբեջանական մուղամը, «ազգային գորգերը», «ավանդական արհեստագործական իրերն» ու XIX դարի «Ղարաբաղի տան» վերստեղծված ինտերիերը։
Ադրբեջանական տաղավարում երիտասարդ երգիչները՝ խանենդեները, կատարել են ավանդական մուղամ։
Ցուցադրության կենտրոնում եղել է XIX դարի, այսպես կոչված, «Ղարաբաղի տան» ինտերիերը՝ ձևավորված «Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի» ցուցադրության հիման վրա։
Տաղավարում ներկայացվել են նաև մետաքսե ավանդական գլխաշորեր՝ քյալաղայիներ, ինչպես նաև պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր։
Արցախի պատմության և մշակութային ժառանգության ներկայացման հարցը շարունակում է զգայուն մնալ հայկական հանրության համար՝ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում «Ղարաբաղի տան» ներկայացումն ադրբեջանական «ազգային մշակույթի» ցուցադրության շրջանակում։
Նշենք, որ Թուրքմենբաշիում (Թուրքմենստան) այս օրերին ընթացել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: