211652_close_icon
views-count1471 դիտում article-date 18:36 29-09-2026

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2 «պարաշուտիստ» վայրէջք կատարելիս ընկել են Գառնի-Զովաշեն գյուղերի հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Երևան բժշկագիտական կենտրոն», մեկ այլ քաղաքացի՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներից մեկը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գրետա Ա․-ն է, մյուսը՝ 39-ամյա Սերգեյ Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, Զովունի բնակավայրից հրահանգիչ Սերգեյ Ս․-ն և Գրետա Ա․-ն պարապլանով թռիչք են կատարել և կառավարումը կորցնելու արդյունքում անհաջող վայրէջք կատարել Գառնի բնակավայրի «Խամեր» կոչվող տարածքում ու ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սերգեյ Ս․-ն աշխատում է «Սքայ Քլաբ» պարապլաներիզմի ակումբում՝ որպես հրահանգիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր