211652_close_icon
views-count898 դիտում article-date 15:37 01-09-2026

ՀՀ պետականության միակողմանի կախվածությունն Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է. Լևոն Զուրաբյան

ՀՀ պետականության միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին «ՀՀ-Իրան ռազմավարական կենտրոն»-ի և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ասուլիսի ընթացքում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Իրանը մեր կենսական ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ, դա այդպես է եղել 1990-ական թվականներին, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, ու մենք շրջափակված էինք և Ադրբեջանի, և Թուրքիայի կողմից, եղել են պահեր, որ Իրանը մնացել է միակ կապողը մեզ արտաքին աշխարհի հետ, և մենք պետք է շատ շնորհակալ լինենք Իրանին, որ այդ ժամանակներում մեզ օգնության ձեռք մեկնեց:

Ոչ մի բան չի փոխվել, Իրանը հիմա էլ շարունակում է մնալ մեր կենսական ճանապարհը դեպի գլոբալ հարավ, դեպի Հնդկական օվկիանոս: Իրանը մեզ համար արժեքավոր է և որպես մի երկիր, որի հետ մենք կարող ենք ունենալ հարաբերություններ, և որպես մի երկիր, որի միջոցով մենք կարող ենք ունենալ հարաբերություններ աշխարհի հետ: Այսօր գնում է մի պրոցես, որտեղ հակամարտությունը լուծվում է, Հայաստանին իհարկե պետք է հաշտություն և խաղաղություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ այդ խաղաղությունը չի կարող կառուցված լինել Ադրբեջանից Հայաստանի միակողմանի կախվածության վրա:

Ցավոք սրտի այն բանաձևը, որը մեզ հիմա առաջարկում են, հենց դրա վրա է կառուցված, դա մի համակարգ է, ըստ որի մեր բոլոր ստրատեգիական ռազմավարական ուղիները պետք է անցնեն Ադրբեջանով, և անգամ այն պրոգրեսիվ զարգացումները, որոնք կապված են արհեստական բանականության գործարանների հիմնման հետ, նույնպես տեղավորվում են մի ենթակառուցվածքի մեջ, որի կոմունիկացիոն բաղադրիչը անցնում է Ադրբեջանի միջոցով»,- նշել է Զուրաբյանը:

Նմանատիպ նյութեր