211652_close_icon
views-count2884 դիտում article-date 16:49 08-08-2026

Տարիներ առաջ քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն վայելող, կրակոցներից մահացած «Քանաքեռցի Տույի» և ընկերների շահերը պաշտպանող փաստաբանը տեղի ունեցող դատական նիստերի մասին փակագծեր է բացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

2021 թ․ նոյեմբերի 11-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների մասին։ Այն տեղի էր ունեցել Քանաքեռում, ինչի հետևանքով 4 հոգի մահացել էին, որոնց մեջ էր նաև քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը։

Երկար ու ձիգ տարիներ քրեական գործն ընթանում էր, հետո գործն ուղարկվեց դատարան, որտեղ էլ հայտնի չէ, թե երբ կկայացվի դատավճիռը։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Խաչատրյանը, ով հանդիսանում է Քանաքեռցի Տույի և ևս 2 հոգու դատապաշտպան, որոշ մանրամասներ ներկայացրեց դատաքննությունից որը ներկայացնում ենք ստորև տեսանյութում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023թ․ մարտի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի  նստավայրում շարունակվել էր 2021թ-ի նոյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։

Երբ մեկնարկել էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք էր սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենային լուրջ միջադեպեր:

2023թ․ մարտի 31-ին Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության  բաժնի պետ  Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցել էին, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ էր, ու ոչ ոք չէր կարող թելադրել կարգադրիչներին:

Դատական նիստին ներկա գտնվողները  կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվել էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն էր այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի էր ասել,  որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չէր կարող շրջանցել կարգադրիչներին:

Դատական նիստից առաջ հայտնի էր դարձել, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել էր տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:

Դատական նիստից առաջ սպանության կասկածանքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել էր նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեին, որ դատարանները չպետք է խոչընդոտեին լրագրողների աշխատանքին, դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսվեր այնքան ժամանակ,  ամբաստանյալներին չպետք է բերեին դատարանի դահլիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեին լուսա-տեսանկարահանման աշխատանքները: Լրիվ աբսուրդի թատրոն:

 Ժամանակին նման հուռի երևույթի դեմ պայքարող հայտնի փաստաբանը այլ դիրքորոշում էր ցուցաբերել այն դեպքում, երբ տեղի ունեցածը համարվում էր Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց հանցագործություններից, ու հանրությունը պետք է պատշաճ տեղեկանար նաև դատական պրոցեսի ընթացքից: Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դատական նիստը սկսելու, բավարարել էր փաստաբանի խնդրանքը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել էր տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, իսկ դատարանն էլ պատճառաբանել է, որ նա երեխա է ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարել, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ մայիսի 3-ին ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքում իրականացվել էր հատուկ օպերացիա։ Ստացված օպերատիվ տվյալների հավաստիության վրա վստահ լինելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, ապա նրանց միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն էին բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ալեքսանյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզման մեջ էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։ Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ ամիսներ առաջ դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանի նկատմամբ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Նրան ներկայացրել էին քննչական մարմնին, և քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կալանքի որոշումը վերահաստատվի։

Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր