54175 դիտում
09:15 11-08-2015
Քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Քանաքեռցի Տույի դատական նիստն անցավ առանց միջադեպի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` օգոստոսի 10-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի դատաքննությունը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը, մեղադրանքի կողմը ներկայացնում էր Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատախազը:
Մինչ դատական նիստը սկսվելը, դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման կարգադրիչները` ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ կարգադրիչներին օգնում էին նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցները` գումարտակի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Կարգադրիչների և ուղեկցող ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում և դատարանի բակում, և դատարանի ներսում ու դահլիճում ոչ մի միջադեպ տեղի չունեցավ, մինչդեռ շատերը կարծիք էին հայտնում, որ դատական նիստն անցնելու է լարված մթնոլորտում և դատավորը չի կարողանալու տիրապետել նիստին, մինչդեռ հենց սկզբից էլ պարզ դարձավ, որ այդ կարծիքը փուչիկ է:
Դատական նիստի ժամանակ Քանաքեռցի Տույի` Ա. Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի անցկացվի արագացված դատաքննություն: Եթե նախկինում դատախազը առարկել էր նշված միջնորդությանը, ապա երեկվա դատական նիստում նա չառարկեց: Դատավոր Մ. Մակյանը բավարարեց միջնորդությունը, որից հետո որոշվեց դատական նիստը հետաձգել:
Երեկվա նիստին միայն դատախազն է ելույթ ունեցել և ներկայացրել թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ա. Ղազարյանին, իսկ նրա փաստաբանը դատարան է ներկայացրել մի շարք տեղեկություններ, որով հաստատվում է , որ Ա. Ղազարյանը բազմաթիվ բարեգործական աշխատանքների հեղինակ է, ինչը ոչ մի անգամ չի բարձրաձայնվել:
Եթե դատական այդ նիստը չլիներ, նույնպես չէր իմացվի այդ աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի` Արթուր Ղազարյանը ապօրինի կերպով ձեռք էր բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)