211652_close_icon
views-count463 դիտում article-date 21:24 20-07-2026

Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կորոշի Իրանը. FT

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կորոշվի Իրանի գործոնով: Իրավիճակն այս պահին մտահոգիչ է թվում. պատերազմը վերսկսվել է, սակայն Ամերիկան հաղթանակի իրատեսական ծրագիր չունի, գրում է Financial Times պարբերականը:

Ազգային անվտանգության ամերիկյան էլիտան արդեն իսկ նվազեցնում է այն նշաձողը, թե ինչը կարելի է հաջողություն համարել: պաշտպանության նախարարի պաշտոնը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում զբաղեցրած Մարկ Էսպերը Ասպենի անվտանգության ֆորումի հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է բավարարվել երկու գլխավոր նպատակի հասնելով: Առաջինը՝ Հորմուզի նեղուցով առանց տուրքերի գանձման նավագնացության վերականգնումն է: Երկրորդը՝ իրանական միջուկային ծրագրի վրա այնպիսի սահմանափակումների կիրառումն է, որոնց հասել էր Օբամայի վարչակազմը: Այլ կերպ ասած՝ Ամերիկայի նպատակը պետք է լինի լոկ նախապատերազմյան ստատուս քվոյի վերականգնումը: 

Սակայն նույնիսկ այս համեստ նպատակները կարող են անհասանելի լինել: Իրանը լի է վճռականությամբ՝ վճար գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, և առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես Ամերիկան կարող է խոչընդոտել դրան: Հորմուզի նեղուցով տարանցման տուրքերը Թեհրանին հնարավոր կերպով կարող են բերել միլիարդավոր դոլարների եկամուտ և նրան համաշխարհային էներգամատակարարումների նկատմամբ վերահսկողության մշտական լծակ հաղորդել:

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի հանդուրժի իրավիճակի նման զարգացումը: Ընդսմին, ռմբակոծությունների ուժգնացումը մեծ հավանականությամբ չի կարողանա ապաշրջափակել նեղուցը, իսկ Սպիտակ տանը ներկայում ցամաքային զորքեր ներգրավելու ոչ մի ցանկություն չկա: Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Բարի ՄըքՔեֆրին գնահատում է, որ Հորմուզի նեղուցի շրջանում ցամաքային գործողությոսւն իրականացնելու համար կպահանջվի 600 հազար զինվորականից բաղկացած խմբավորում, իսկ բուն արշավը կարող է ձգձգվել մեկ տարի: Միևնույն ժամանակ, Իրանը մարտական գործողությունների հերթական էսկալացիային պատասխանեց վերջին ամիսների ընթացքում առաջին հարվածով Սաուդյան Արաբիային: Դա հիշեցում էր այն մասին, որ Պարսից ծոցի երկրները ծայրահեղ խոցելի են կարևորագույն  ենթակառուցվածքների, օրինակ՝ ջրի աղազատման գործարանների և նավթային հարթակների վրա հասցվող հարվածների նկատմամբ:

Թրամփի վարչակազմը գիտակցում է, որ իրանական հրթիռների և անօդաչու սարքերից բխող սպառնալիքը գալիք տարիներին միայն աճելու է: Թեհրանն արդեն իսկ ցուցադրել է ամենատարբեր թիրախներ խոցելու իր ունակությունը՝ ներառյալ Դուբայի օդանավակայանը, Կատարում հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտները և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները (ուրբաթ Հորդանանում զոհվել է ԱՄՆ երկու զինծառայող): Այնուամենայնիվ, ամերիկացի ռազմավարները մտահոգված են, որ ԱԹՍ-ների և հրթիռների արտադրության տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը՝ Ռուսաստանի և Չինաստանի ցուցաբերած լայնածավալ օգնության հետ համատեղ, մեծ հավանականությամբ կհանգեցնի նրան, որ մի քանի տարի անց Իրանը կտիրապետի էլ ավելի ճշգրիտ և հեռահար զենքերի:

Այն թիրախների թվում, որոնք այդ դեպքում կարող են հայտնվել իրանական հարվածի սպառնալիքի տակ, ներառված են իսրայելական Դիմոնայի միջուկային ռեակտորը և Դիեգո Գարսիա կղզու ամերիկյան բազան, որն առանցքային նշանակություն ունի Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժի պրոյեկտման համար: Ընթացիկ հակամարտության ընթացքում իրանցիներն արդեն իսկ հրթիռներ են արձակել երկու օբյեկտների ուղղությամբ էլ, բայց՝ ապարդյուն: Սակայն ապագայում իրավիճակը կարող է փոխվել:

Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը պատասխանել այդ մռայլ հեռանկարին: Այն աճող գիտակցումը, որ Ամերիկային, հնարավոր է, երբեք չհաջողվի զսպել Թեհրանին բանակցությունների միջոցով, հանգեցնում է նրան, որ Իրանում վարչակարգի փոփոխության գաղափարը կրկին վերադառնում է Վաշինգտոնի քաղաքական օրակարգ: Իսլամական Հանրապետության տապալումը Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սկզբնական նպատակն էր, երբ փետրվարի 28-ին նրանք պատերազմ սկսեցին Իրանի դեմ: Սակայն նրանց հույսերը, թե ռազմական գործողությունները հաջող ժողովրդական ապստամբություն կհրահրեն իրանական ղեկավարության դեմ, արագորեն փլուզվեցին:

Մի քանի ամսով վարչակարգի փոփոխության գաղափարից հրաժարվեցին, քանի դեռ ԱՄՆ-ն փորձում էր հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Սակայն հիմա, երբ դիվանագիտությունը, պատկերավոր ասած, մտել է փակուղի, Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ կրկին սկսում են սեթևեթել «Պլան Ա»-ի՝ իրանական ռեժիմի տապալման մտքի հետ:

Այդ ռազմավարության առավել տեսանելի մասը Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացումն է։ ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավթի արտահանման ծովային շրջափակումը։ Վաշինգտոնում կարծում են, թե մի քանի ամսվա ընթացքում կկարողանան կտրել Իրանի նավթային եկամուտների մեծ մասը և երկրում հրահրել խորագույն տնտեսական ճգնաժամ։
Միաժամանակ փնտրվում են ինսայդերներ վարչակարգի ներսում, որոնք կարող էին համագործակցության գնալ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ: Այդ ֆոնին բանը հասել է անհավանականին. Իսրայելը փորձեր է ձեռնարկել կապ հաստատել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որը երկար ժամանակ հայտնի էր հրեական պետության հասցեին հնչեցրած իր արյունալի սպառնալիքներով, սակայն այդ մտահղացումը հաջողությամբ չի պսակվել:

Իրանի ներսում ներքին ապստամբություն բորբոքելու գաղափարը նույնպես աստիճանաբար վերադառնում է քննարկումների սեղանին: Հակամարտության վաղ փուլում Իսրայելը համառորեն առաջարկում էր զինել քրդերին։ Վաշինգտոնում այդ գաղափարը մերժեցին, սակայն ավելի լավ այլընտրանքների բացակայության պատճառով դրան կարող են կրկին անդրադառնալ:

Վաշինգտոնի դժկամությունը՝ հաշտվել այն մտքի հետ, որ Թեհրանը կարող է այս պատերազմից դուրս գալ էլ ավելի ուժեղացած, միանգամայն հասկանալի է: Բայց խնդիրն այն է, որ իրավիճակը բեկելու փորձերը հսկայական վտանգ են պարունակում:

Հարվածների փոխանակման յուրաքանչյուր նոր փուլ հանգեցնում է նոր զոհերի և ռիսկի է ենթարկում Ամերիկային՝ էլ ավելի խոր ներքաշելով մերձավորարևելյան հերթական ճահճուտի մեջ: Միաժամանակ, Իրանի դեմ պատերազմն արդեն իսկ հանգեցրել է ամերիկյան սպառազինության պաշարների արագընթաց սպառմանը: Լայնորեն հաղորդվում էր, որ հակամարտության առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն ծախսել է Tomahawk թևավոր հրթիռների իր պաշարի 30%-ը և Patriot հակահրթիռների 50%-ը:

Այդ զինամթերքներից շատերը նախատեսված էին Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության համար: ԱՄՆ-ի զինանոցների վերականգնման համար կարող են տարիներ պահանջվել, ինչը Չինաստանի առջև ռազմական գործողություններ սկսելու համար պոտենցիալ «հնարավորությունների պատուհան» է բացում: Իրանի դեմ պատերազմն այսօրվա դրությամբ խոշորագույն միջազգային ճգնաժամն է ԱՄՆ կառավարության համար, բայց այն կարող է պայմաններ ստեղծել գալիք տարիներին էլ ավելի մասշտաբային ճգնաժամի համար:

Նմանատիպ նյութեր