211652_close_icon
views-count1903 դիտում article-date 20:45 22-08-2026

Կառավարությունը հսկայական գումարներ է ներդրել, իսկ Արտաշատ քաղաքում լավ գործն անավարտ են թողել․ 6 ամսից ավելի՝ անգամ մարզպետարանի դիմաց տիրում է փոշի և գարշահոտ վիճակ․ հիմնանորոգվող ճանապարհները կահավորված չեն անհրաժեշտ պարագաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակում իրականացվել նաև Արարատի մարզում, ինչը մարզի բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունել։

Ցավոք, լինում են դեպքեր, որ որոշ անպատասխանատու չինովնիկների պատճառով լավ գործը ավարտին չի հասցվում, ինչպես օրինակ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մոտ 7 ամիս աշխատանքները առաջ չգնալու պատճառով բնակիչների մոտ արդարացի զայրույթ է առաջացել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«7 ամիս է՝ ամեն օր սպասում ենք, թե Արտաշատ քաղաքի մի քանի փողոցներում, որոնք հիմնականում Արտաշատի քաղաքապետարանի, «Արտաշատ» բժշկական կենտրոնի, Արտաշատի զինկոմիսարիատի հարևանությամբ են՝ Մյասնիկյան, Մարքսի փողոցները, պատված են փոշով, ու պատճառը փնթի աշխատանքն է, որ ցուցաբերում են ճանապարհաշինարարները կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Հիմա չգիտենք՝ ով է հիմնական մեղավորը։ Բայց որ մարզպետարանի քթի տակ նման պատկեր է, դա պետք է մտահոգի առաջին հերթին մարզպետ Սեդրակ Թևոնյանին, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին։ Ո՞վ է տեսել՝ 7 ամիս ձգձգվի գործը, մինչդեռ ասում էին՝ Հայաստանը մուտք է գործում Եվրոպա։ Պատկերացնո՞ւմ եք, Եվրոպայում 7 ամիս նման վիճակ։ Այդ պաշտոնյաները կտուգանվեին խոշոր գումարի չափով, ինչից հետո հրաժեշտ կտային իրենց պաշտոններին։

Հիմա ուզում ենք միանգամից դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, ով ամեն օր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տարածում, թե ինչպես է ինքը հետևում հանրապետության ցանկացած մարզում դպրոցաշինության, ճանապարհաշինության գործերին։ Հարգելի Դ․ Խուդաթյան, մեկ օր էլ հատկացրեք Արտաշատ քաղաքին ու վստահ ենք՝ ձեր մի հանձնարարականով հաստատ սայլը տեղից կշարժվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արտաշատի հիմնանորոգվող փողոցներում անգամ պահպանված չեն անվտանգության կանոնները։ Մի քանի «սուտի» երկաթե ճաղավանդակ են տեղադրել, մոռանալով, որ դա ավելի վտանգավոր է. պետք է լինեն լուսային փարոսիկներ, պետք է լինեն հատուկ ցուցանակներ, պետք է լինի նաև ցուցանակ, թե ով է կառուցապատողը, ով է շինաշխատանքները կատարողը, ով է վերահսկողը, և երբ է նախատեսված աշխատանքների ավարտը։ Մինչդեռ միայն մի քանի երկաթե ճաղավանդակներ են տեղադրել, որոնցից մի քանիսն էլ արդեն հայտնվել են մի քանի մետր խորությամբ փոսում, իսկ մի քանի փոսերում էլ, որոնցից մեկը հենց մարզպետարանի առջև է՝ Մարքսի փողոցում, տիրում է գարշահոտ վիճակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից