211652_close_icon
views-count4990 դիտում article-date 15:24 02-07-2026

Խոշոր հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 2 ջրատար` մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աստղիկ Ղուկասյանը և Կամո Մկրտչյանը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տախտակներով բարձված «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում։

Հրշեջներին հաջողվել է մարել բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր