211652_close_icon
views-count3268 դիտում article-date 10:12 23-06-2026

Պարզվել է երեկ Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում մարդատար «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդները եղել են սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 22-ին, Արմավիրի մարզի Արտենի բնակավայրում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մարդատար «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Ford Transit»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Գարիկ Ծ․-ն, իսկ «ԶԻԼ»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ն։

Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 54-ամյա Լեյլի Ե.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, 49-ամյա Աիդա Ա.-ն, 59-ամյա Սաթենիկ Ս.-ն, 54-ամյա Սաթենիկ Խ.-ն, վարորդ Գարիկ Ծ.-ն, Թամարա Պ.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, 66-ամյա Մարինե Պ.-ն, 60-ամյա Սվետլանա Բ.-ն, 63-ամյա Աիդա Դ.-ն, 67-ամյա Թամարա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ 40-ամյա Ռոզա Մ.-ն, 37-ամյա Աննա Թ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Տեղում մահացել է Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Նաիրա Ն.-ն։

Հիվանդանոցներ տեղափոխված մի քանի հոգի այնուհետև տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մարդատար «Ford Transit»-ի վարորդը։ Իսկ այն հաստատվելու կամ հերքվելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 11 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր