211652_close_icon
views-count4726 դիտում article-date 19:43 03-04-2026

Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում, երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Հակոբյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Վռամ Կակոսյանը։

Վթարի հետևանքով Վ․ Կակոսյանը տեղում մահացել է։

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, իսկ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Անուշ Հայրապետյանը և 38-ամյա Արմինե Կակոսյանը։

Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Կ․ Հակոբյանը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանով։ Նրա հետ ավտոմեքենայում եղել է նաև Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ադամյանը։

Թե նա, թե Կ․ Հակոբյանը դեպքի վայրում հայտնել են, որ ավտոմեքենան իրենք չեն վարել, սակայն քննչական գործողությունների արդյունքում, կարծես թե, հիմնավորվել է, որ ավտոմեքենան վարել է Կ․ Հակոբյանը, ով էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նրա հետ ավտոմեքենայում գտնվող Գ․ Ադամյանից քննիչի որոշմամբ արյան փորձանմուշ է վերցվել՝ սթափությունը պարզելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել էին «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր