211652_close_icon
views-count126675 դիտում article-date 16:39 07-06-2026

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ «Jeep Compass»-ը Տաթևի վանքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել անտառում․ 4 զոհերն ու վիրավորը Կապանի փոխքաղաքապետի ազգականներն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Տաթևի վանք տանող ճանապարհին «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառերի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են դրսում, տեղում մահացել են, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Նարեկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայրապետ Բաբայանը և Տիգրան Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մահացածների մարմինները, որոնք հայտաբերվել էին ավտոմեքենայից դուրս, ոտքով մոտ 300 մետր անանցանելի ճանապարհով մոտեցրել են Փրկարար ծառայության «Ուազ»-ին, որն էլ դիերը մոտեցրել է դիատարին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորը Սյունիքի մարզի բնակիչներ են, բոլորը ազգականներ, իսկ վթարի վայրը պարեկները հայտնաբերել են դրոնի միջոցով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը Կապանի փոխքաղաքապետներից մեկի ազգականներն են։

19։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ որ Գորիսի քննչական բաժնում պարզվել է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Հարությունյանը։ Վթարի հետևանքով Հ․ Հարությունյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Ազնիվ Գևորգյանը, 14-ամյա Հայկ Հարությունյանը, 19-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 17-ամյա Էմիլիա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկությունները հաստատվել է, որ ավտոմեքենայի մեջ եղել են Կապանի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանի տղան, եղբայրը և եղբոր ընտանիքը։


Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր