211652_close_icon
views-count571 դիտում article-date 21:15 13-05-2026

Չինաստանի հրթիռային գաղտնի կայսրությունը. ինչպես է Ծինպինի ծրագիրը տասնյակ ընկերությունների միլիարդատերերի վերածում

Չինաստանը թռիչքաձև տեմպերով ավելացնում է հրթիռների արտադրությունը՝ այնպիսի մասշտաբներով, որոնք երկիրը չէր ցուցադրել Սի Ծինպինի կառավարման ամբողջ ընթացքում։ Ըստ Bloomberg-ի ծավալուն հետաքննության՝ 2025 թվականին Պեկինը զգալիորեն արագացրել է իր գաղտնի հրթիռային ծրագրի զարգացումը՝ այն վերածելով ազգային ռազմավարության առանցքային հենասյուներից մեկի և տասնյակ ընկերությունների համար հսկայական եկամուտների աղբյուրի։

Կորպորատիվ հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ հրթիռային ոլորտի կրիտիկական կարևորության բաղադրիչների արտադրությանն առնչվող չինական հանրային ընկերությունների թիվը հասել է 81-ի, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը, երբ Սին նոր էր եկել իշխանության։ Այդ ձեռնարկությունների գրեթե 40%-ը հայտնել է վերջին տարիների ռեկորդային հասույթի մասին՝ չնայած Չինաստանի տնտեսության ընդհանուր դանդաղմանը։

Չինական հրթիռային մատակարարման շղթայի մասնակիցների վաճառքի ընդհանուր ծավալը հասել է 189 միլիարդ յուանի (մոտ 28 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչը 20%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Հատկապես արագ են աճում բալիստիկ և թևավոր հրթիռների տարրեր արտադրող ընկերությունները՝ ինֆրակարմիր սենսորներից և օպտիկամանրաթելային ուղղորդման համակարգերից մինչև «սթելս» (անտեսանելի) ծածկույթներ և բարձր ճշգրտության հաշվողական բաղադրիչներ։

Նման ընդլայնումը տեղի է ունենում սպառազինությունների համաշխարհային մրցավազքի հետնապատկերին, որն ուժգնացել է վերջին տարիների ռազմական հակամարտությունների և ամերիկյան սպառազինության պաշարների թուլացման հետևանքով։ Պեկինի համար հրթիռային ներուժի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Թայվանի վրա հնարավոր ճնշում գործադրելու, այլև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դիրքերն ամրապնդելու համար՝ ներառյալ մինչև 15 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին հարվածելու հնարավորությունը։

Այսօր չինական զինանոցն ընդգրկում է գործնականում ամբողջ երկրագունդը: Dongfeng սերիայի նորագույն հրթիռները, ներառյալ DF-21D, DF-26 և միջմայրցամաքային DF-41 մոդելները, ընդունակ են խոցել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ թիրախներ, ներառյալ՝ ԱՄՆ ռազմաբազաները:

Այս համակարգում հատուկ դեր ունեն ոչ միայն պետական հսկաները՝ CASIC-ը և CASC-ը, այլև մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ինտեգրված են ռազմական արդյունաբերության մեջ: Դրանց թվում են.

Wuhan Guide Infrared. մասնագիտացած է ինֆրակարմիր սենսորների և ուղղորդման համակարգերի ոլորտում:

 Yangtze Optical Electronic. արտադրում է օպտիկամանրաթելային գիրոսկոպներ:

Chengdu Jiachi Electronic Technology. ստեղծում է ռադիոկլանիչ ծածկույթներ հրթիռների և ավիացիայի համար:

Այս ընկերություններից շատերը սկզբնապես գործել են քաղաքացիական հատվածում, սակայն քաղաքացիական և ռազմական տեխնոլոգիաների միաձուլման վերաբերյալ Սիի քաղաքականությունը նրանց հնարավորություն տվեց պաշտպանական մեքենայի մաս դառնալ:

Փորձագետները նշում են, որ Չինաստանը կառուցում է ոչ թե պարզապես ռազմական արդյունաբերություն, այլ լիարժեք ռազմավարական պատերազմի տնտեսություն, որտեղ հրթիռները դառնում են ոչ միայն պաշտպանության, այլև գլոբալ քաղաքական ազդեցության գործիք:

Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ավելի հաճախ են մտահոգություն հայտնում, որ Չինաստանը կարող է զգալի առավելություն ստանալ պոտենցիալ ռազմական դիմակայության մեջ, հատկապես Ասիայում:

Այսպիսով, Չինաստանի գաղտնի հրթիռային ծրագիրը դադարում է լոկ ռազմական նախագիծ լինել. այն դառնում է երկրի խոշորագույն արդյունաբերական և տնտեսական ուժերից մեկը՝ ձևավորելով համաշխարհային նոր հավասարակշռություն և սպառազինության արտադրությունը վերածելով գերշահույթների շարժիչի:

Նմանատիպ նյութեր