211652_close_icon
views-count541 դիտում article-date 21:22 08-05-2026

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանն այսօր անվտանգ և ինքնիշխան է, քան երբևէ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն այսօր անվտանգ և ինքնիշխան է, քան երբևէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ձեռք բերված համաձայնություններով` Սյունիքի հետ կապված, եթե նույնիսկ հարցեր եղել են, բոլոր հարցերը լուծված են, և Սյունիքի անվտանգությունը երաշխավորված է։ 

«Մենք պետք է դադարենք ավելի մեծ հայրենիքի մասին երազելուց, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազած հայրենիքն է։ Մենք այլևս գաղթական չենք, և Հայաստանի հայերով, Ղարաբաղի և աշխարհի հայերով պետք է տնավորվենք Հայաստանում»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է այն փաստը, որ ամեն անգամ Գորիս գալիս նոր փոփոխություններ է տեսնում. մի նոր փողոց, մի նոր շենք, մի նոր կապիտալ ներդրում։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, Գորիսը տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներից մեկն է։ Գորիսն իրոք վերածնվում է, և դա մեծ ուրախություն է մեզ համար»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանը գնացել է խաղաղության հետևից։

«Այն սցենարը, որով մենք գնացել ենք, խաղաղության միակ ճանապարհն էր հավատացեք։ 2024 թվականին ես ինձ համար չափազանց ծանր որոշում եմ կայացրել` ասելով, որ մենք պետք է դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Սա ծանր որոշում էր ինձ համար, քանի որ քաղաքականությամբ զբաղվել եմ Ղարաբաղի շարժման բերումով։ 2018 թվականին բանակցային իրավիճակին երբ ծանոթացել եմ, հասկացել եմ մի բան, որ այդ թղթերով Ղարաբաղի հարցը վաղուց լուծված և փակված էր»,-նշել է նա` հավելելով, որ այդ ամենից դուրս գալու միակ ճանապարհը տեսել է անկախության և պետականության հեռևից գնալու միջոցով։

«Ընտրությունները դատ են, և մենք եկել ենք հանձնելու մեզ ձեր դատին։ Ցանկացած որոշում, որ ժողովուրդը կկայացնի, մենք հնազանդ ենթարկվելու ենք այդ որոշմանը։ Դուք գիտեք մեր ձախողումները, դուք գիտեք մեր բացթողումներն ու հաջողությունները»,-հավելել է Փաշինյանը։

 Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 9-ին`ժամը 19.30-ին Կապանում մեծ հանրահավաք կանցկացնի։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
 

Նմանատիպ նյութեր