211652_close_icon
views-count871 դիտում article-date 11:43 24-04-2026

Գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից տարածելով նաև լուսանկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։

«Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է Չեխիայի դեսպանը։

Պետր Պիրունչիկը նաև մեջբերում է կատարել ավելի քան մեկ դար առաջ գործունեություն ծավալած չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից, որտեղ հեղինակը վկայում է հայ ժողովրդի տառապանքների մասին և նրանց ողբերգության մասին պատմում է չեխ հասարակությանը։

Չեխիայի դեսպանի բնորոշմամբ՝ գրքի հեղինակի խոսքերը մնում են հիշողության, ճշմարտության և մարդկայնության կարևորության հզոր հիշեցում։

«Ես տեսա տառապող ժողովրդի անվերջ քարավաններ՝ ուժասպառ, քաղցած և մարդկային արժանապատվությունից զրկված։ Հայ ժողովուրդը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»,-գրել է Պետր Պիրունչիկը՝ մեջբերելով Կարել Հանսայի տողերը։

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հավելել է, որ այս վկայությունները մեզ հիշեցնում են, որ հիշողությունը միայն անցյալի մասին չէ. դա մարդկային արժանապատվության, կարեկցանքի և ապագայում նման վայրագությունների կանխարգելմանը նվիրվածությունն է։

«Ինը տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակել է Պիրունչիկը։

Նմանատիպ նյութեր