211652_close_icon
views-count3343 դիտում article-date 21:13 23-04-2026

Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին. հայտարարություն

Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Այս մասին հայտարարություն է տարածել Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան։

«Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։

Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։

Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ արդեն մի քանի օր բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։

Մի մասը նույնիսկ դիմել էին «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել էին, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակը վերահսկելու և թունավորված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարել թունավորվածների բնակարաններ՝ ճշտելու մանրամասները։

Ապրիլի 22-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ասել է․ 

«Երեկվանից մեր պոլիկլինիկայի աշխատակիցները մոտ 30 կանչով եղել են Բյուրեղավանի տարբեր հասցեներում. մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, մի մասին էլ տեղափոխել ենք պոլիկլինիկա։ Իսկ 2 հոգու այսօր շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այս պահին մեկ երեխայի էլ ենք ուզում տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն ծնողները խնդրեցին իրենք իրենց մեքենայով տանեն»։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր