211652_close_icon

Պարզվել է երեկ Արմավիրի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11483 դիտում article-date 20:53 07-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ա.-ն։

Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Մաթևոս Մանասյանն ու Դանիել Բալոյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել էին «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ էին գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը: 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել էին: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն էր ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:  

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ էին: 
 
Ժամանել էր նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր