211652_close_icon

Խմելու ջրի խողովակը մի քանի ամիս է՝ Նոր Խարբերդում վնասվել է, ու փողոցները վերածվել են ցեխակույտի. Շենգավիթի թաղապետարանը, Մասիսի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» իրենց դրել են «կարապի, խեցգետնի ու գայլաձկան» տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count559 դիտում article-date 15:51 17-02-2026
Հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնք խմելու ջրի խնդիր ունեն. օրերով, շաբաթներով, անգամ ամիսներով ջրին կարոտ են, այն դեպքում, երբ չստանալով խմելու ջուր, մարդիկ անգամ վճարումներ են կատարում։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նոր Խարբերդ 11-րդ փողոցի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում տեղական չինովնիկների ու «Վեոլիա ջրի» հասցեներին՝ ասելով, որ խմելու ջուրը գնում, կորում է, իսկ պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկում վթարը վերացնելու և խմելու ջրի կորստի դեմն առնելու ուղղությամբ։

Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, այսօր՝ փետրվարի 17-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. 

«Դիմում ենք Շենգավիթի թաղապետարան, այնտեղից ասում են, թե դա մեր վարչական տարածքը չէ, պետք է դիմեք Մասիսի քաղաքապետարան։ Մասիսի քաղաքապետարան ենք դիմում, ասում են դա մեր խնդիրը չէ, պետք է դիմեք կամ Շենգավիթի թաղապետարան, կամ «Վեոլիա ջուր», ու էսպես երեք կառույց հայտնվել են Աթաբեկ Խնկոյանի մանկական առակի հերոսների՝ գայլաձկան, խեցգետնի ու կարապի կերպարում, իսկ դրա արդյունքում 21-րդ դարում ոսկուց ու ադամանդից թանկ խմելու ջուրը երկար ամիսներ կորում է և դա ոչ ոքի չի անհանգստացնում։ 

Չգիտենք էլ ում դիմենք։ Եթե մենք մեր ուժերով մի բան անենք, քանդենք, դա սարքենք, վստահ ենք էդ չինովնիկներն ու «Վեոլիա ջուրը» «մակարովի գյուլլի» նման կհայտնվեն ու մեզ կսարքեն ազգի դավաճան, կտուգանեն, նույնիսկ կարող է դատեն։ Բայց որ դա իրենց գործն է, իրենք պետք է վթարը վերացնեն, կանխեն խմելու ջրի կորուստը, դա քննարկման առարկա չէ։

Ջուրն էն տեսակ է հոսում, որ 11 ու հարակից փողոցը վերածել է ցեխի վաննաների։ Տպավորություն է, թե գտնվում ես քարե դարում, մինչդեռ քարե դարում այդպես չէին վարվի, ոնց որ հիմա են վարվում այդ վայ չինովնիկները»։

Բնակիչները նշում էին, որ խնդրում են, որպեսզի պատասխանատուները օր առաջ գործողություններ կատարեն ու կանխեն խմելու ջրի կորուստը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր